Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 16-ին ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի՝ ողջունելով ԵԱՀԿ նախագահի այցը Երեւան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Շվեդիան, որի հետ մեր երկիրն ունի հարաճուն զարգացող հարաբերություններ, ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է Հայաստանի համար կարեւոր եւ դժվարին ժամանակներում:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմին, դրա հետեւանքներին, ստեղծված իրավիճակին եւ մարտահրավերներին՝ նախագահն այդ համատեքստում շոշափել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի լայն շրջանակ:
ԵԱՀԿ նախագահը հավաստիացրել է, որ տարածաշրջանի ներկայիս վիճակը ԵԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում է: Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում խաղաղության հաստատման եւ երկարաժամկետ ու կայուն լուծում գտնելու ուղղությամբ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը, անդրադառնավ մարդասիրական խնդիրներին, շեշտել է, որ Ադրբեջանն առ այսօր խախտում է միջազգային հումանիտար իրավունքն ու անազատության մեջ պահում հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց։ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունն այդ կարեւորագույն հարցի լուծման գործում:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, ինչպես նաեւ հայ-շվեդական հարաբերությունների օրակարգին, նշել, որ երկու երկրներն ունեն համագործակցության մեծ ներուժ՝ կարեւորելով դրա լիարժեք իրացումը: