Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը հայտնել է, որ Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծ մասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Ըստ նրա՝ մի մասն էլ, որոնք ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում:
Խոսնակը շեշտել է, որ Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, որոնք տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները:
Պետրոսյանը հավելել է, որ ըտանիքների չափահաս անձինք 4 ամիս շարունակ ստացել են 25 հազարական դրամ, անչափահասները՝ 50 հազարական: Բացի այդ` նրանք օգտվել են 250 հազար դրամ միանվագ եւ տեղահանված անձանց հասանելիք այլ դրամական աջակցություններից։
Ըստ ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակի՝ գերատեսչությունը տարբեր գործընկերների միջոցով օժանդակել է Բերձորի, Աղավնոյի եւ Ներքին Սուսի բնակիչներին տարհանման գործընթացի կազմակերպման եւ գույքի տեղափոխման հարցում:
«Այս բնակավայրերից տեղահանված մեր հայրենակիցները եւս կօգտվեն բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Վ.Պետրոսյանը: