Կառավարության օգոստոսի 18-ի նիստում հավանության արժանացավ Երեւանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է Երեւան քաղաքում չթույլատրված վայրում առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել եւ հետագայում դատական կարգով բռնագրավել այն ապրանքը, որը վաճառվում է կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։ Նախագծով առաջարկվում է չթույլատրված վայրում առեւտուր անելու դեպքում սահմանել վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Այժմ գործող օրենքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ ապօրինի առեւտուրը պատժվում է տուգանքով՝ 70-90 հազար դրամի չափով, կրկնվելու դեպքում տուգանքի չափն աճում է՝ հասնելով մինչեւ 200 հազար դրամի:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչության տրամադրած տվյալների՝ բացօթյա ապօրինի առեւտրի վերաբերյալ տարեսկզբից մինչեւ օգոստոսի 19-ը կազմվել է 1445 արձանագրություն: Սակայն ոչ բոլոր դեպքերում է հնարավոր լինում բռնագանձել տուգանքները․ դա հիմնականում պայմանավորված է առեւտրականների անվճարունակությամբ։ Օրենքի նոր նախագիծը մշակողները «ելքը գտել են»․ եթե բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվողը կարող է խուսափել վարչական իրավախախտում կատարելու համար սահմանված տուգանքից, ապա ապրանքի առգրավումից չի կարողանա խուսափել։
Բացօթյա ապօրինի առեւտրի խնդիրը լուծելու համար Երեւանի քաղաքապետարանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ է մշակել օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթը: Քանի որ գործադիրը կառավարության նիստում նախագծին հավանություն է տվել, առաջիկայում այն կքննարկվի Ազգային ժողովում։
Բացօթյա ապօրինի առեւտրով զբաղվողներից ոմանք արդեն լսել են նախագծի մասին։ Ասում են՝ անելանելի վիճակում են հայտնվել։
«Միայն թե դեմքս չնկարե՛ք, չգան ինձ գտնեն, ապրանքս էլ հավաքեն, տանեն, բայց իմ խոսքը պիտի ասեմ․ հեշտ կյանքով ապրող այդ մարդիկ ասում են՝ գալու են, օրենքով մեր ապրանքն առգրավեն, ուզում են՝ սովա՞ծ մնանք. հարա՛մ լինի այդպիսի օրենքը։ Չէ՞ որ լավ օրից չէ, որ փողոցում ապրանք ենք վաճառում։ Թո՛ղ աշխատատեղ լիներ, նորմալ տեղում լավ շուկա լիներ․․․ կամ թո՛ղ գործարաններ լինեին, աշխատատեղեր էլ, եւ այդ դեպքում ես կամ մյուսները կգայինք ու կկանգնեինք մայթերո՞ւմ․ իհարկե ո՛չ։ Ժամով կգնայինք գործի, ետ կգայինք, կայուն աշխատավարձ կստանայինք»,- ասում է տիկին Արեւիկը։
Նա նշում է՝ առեւտուրը մի օր լավ է ընթանում, մի օր՝ վատ։ Տիկին Արեւիկը փորձում է ընտանիքի հոգսերը հոգալ։ Ըստ նրա՝ շուկաներում տաղավար վարձելն ու առեւտուր անելն ամենեւին ձեռնտու չէ։
«Շուկայում տեղ վարձողը ձեռքի տակ մեծ փող է ունենում, ավտոմեքենա է ունենում, կարողանում է մեծաքանակ առեւտուր անել ու վերավաճառել։ Ես ի՞նչ հնարավորություն ունեմ, որ գնամ, օրինակ, Մալաթիայի շուկայում տեղ վարձեմ։ Իմ փոքրիկ առեւտրից փոքրիկ շահույթ եմ ստանում, տուն պահում։ Եթե փողոցային առեւտրից ուզում են ազատվել, թո՛ղ այլընտրանք լինի, թո՛ղ գործի տեղ լինի, շուկաներում անվճար տեղ տան, որ կանգնենք, մեր ապրանքը վաճառենք․ մի լավ բան կանե՞ն, չէ՛, չեն անի։ Բայց տուգանելու գործում շատ լավ են։ Չգիտեմ՝ մեր վերջը ոնց է լինելու, բայց դժվար թե լավ լինի»,- եզրափակում է տիկին Արեւիկը։
Տիկին Գոհարն էլ ասում է՝ թեեւ լսել է՝ խստացումներ կան, իրավապահներն անընդհատ ստուգումներ են անում, առաջիկայում էլ օրենքի ընդունման պարագայում ապրանքը կառգրավեն, այնուամենայնիվ շարունակելու է իր գործը։
«Ճար չկա․ ապրանքի առգրավման ռիսկի դեպքում էլ պետք է վախը սրտներումս առեւտուրը շարունակենք։ Եթե առեւտուր չանենք, ինչպե՞ս պիտի ապրենք։ Բողոքի ելնելն էլ մի բան չէ։ Այդ ե՞րբ են մեր բողոքը լսել։ Չգիտեմ՝ ինչ ենք անելու, բայց չաշխատել չենք կարող»,- ասում է տիկին Գոհարը։
Երեւանի ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ փողոցային առեւտուրը քաղաքային բոլոր իշխանությունների համար էլ մեծ խնդիր է եղել, բայց առկա գործիքակազմերով այդպես էլ չկարողացան լուծում գտնել։
«Մասնագիտությամբ լինելով բժիշկ՝ ես գիտակցում եմ՝ ինչ մեծ վտանգ կա փողոցային առեւտրի հետ կապված, առավել եւս երբ խոսքը վերաբերում է սննդի վաճառքին։ Փողոցներում կարող ենք տեսնել, որ մարդն անգամ այս եղանակին ձկնամթերք է վաճառում։ Այդ ձկնամթերքը գնող քաղաքացիների առողջությունը վտանգվում է։ Անկախ նրանից, որ ես քաջ գիտակցում եմ՝ փողոցային առեւտրի վերաբերյալ հարցը պիտի լուծվի, կարծում եմ՝ չի կարելի այսպիսի կոշտ միշոց կիրառել»,- անդրադառնալով օրենքի նախագծին՝ ասում է Միքայել Մանրիկյանը։
Նա ընդգծում է՝ մինչեւ այսպիսի կոշտ միջոցներ կիրառելը պատկան մարմինները պետք է համապատասխան տաղավարներ կառուցեին մայրաքաղաքում, իհարկե, սահմանված թույլատրելի վայրերում, որպեսզի առեւտրականները հնարավորություն ունենան շարունակելու իրենց աշխատանքը, ոչ թե զրկվեն հանապազօրյա հացի գումար վաստակելու հնարավորությունից։
«Այս նախագիծը հարվածում է սոցիալապես անապահով մարդկանց։ Կարծում եմ՝ դրա հիմնական «մեխը» ապրանքն առգրավելն է։ Դա իսկապես շատ կոշտ պատիժ է։ Այդ մարդկանց սոցիալական վիճակն առանց այն էլ վատ է։ Պետք է նախ նրանց համար այլընտրանք ստեղծել, հետո վերջիններիս մեղադրել, թե ինչու են փողոցային առեւտրով զբաղվում»։
Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ կարծում է՝ ցանկացած քաղաքակիրթ միջոց, որով հնարավոր է փողոցային առեւտուրը կանխել, պետք է փորձել կիրառել։ Ըստ Անի Խաչատրյանի՝ եթե ապրանքի առգրավման մեկ-երկու դեպք լինի, մյուս առեւտրականները, դա տեսնելով, գուցե դադարեն փողոցային առեւտրով զբաղվելուց, այնպես որ դա էլ պետք է փորձել։
«Տարիներ շարունակ պայքարում են, եւ որեւէ կերպ դրա դեմն առնել չի հաջողվում։ Ես, իհարկե, ընդունում եմ առեւտրականների այն դիտարկումը, երբ ասում են՝ թո՛ղ տեղ տան, գնանք, ապրանքը վաճառենք, բայց նման նախադեպ եղել է․ նախանցած տարի դարձյալ փողոցային առեւտրի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել։ Նրանց տաղավարներ տրամադրվեցին որոշ վայրերում՝ Դավթաշենում, Աջափնյակում եւ այլուր, բայց այդ մարդիկ այնտեղ չաշխատեցին։ Պատճառը գիտե՞ք՝ որն է, գնորդներ շատ քիչ գնացին, այսինքն՝ այստեղ բոլորիս մեղքը կա։ Գործում է պահանջարկ-առաջարկ սկզբունքը․ եթե մարդիկ գնային, գնեին ապրանքը այդ տաղավարներից, առեւտրականները ստիպված չէին լինի մայթերին կանգնել ու ապրանք վաճառել։ Մենք այս մշակույթը պիտի ձեւավորենք, պիտի գնանք, տաղավարներից առեւտուր անենք, ոչ թե ըստ մեր հարմարության՝ փողոցից, շենքի բակից գնումներ անենք՝ խթանելով փողոցային առեւտուրը»,- ասում է Անի Խաչատրայնը։
Երեւանի ավագանու անդամը վստահ է՝ բոլոր վարչական շրջաններում էլ առեւտրականներին կարելի է տաղավարներ առաջարկել, մարդիկ էլ պիտի օգնեն փողոցային առեւտրով զբաղվողներին ու գնան, այդ տաղավարներից գնումներ անեն։
«Պետք է գիտակցել՝ մայթերին տեղաշարժվելու խնդիր կա փողոցային առեւտրի պատճառով։ Եթե որեւէ վարչական շրջանում փողոցային առեւտրով զբաղվողները ցանկանան տաղավարներ ունենալ, ես՝ որպես Երեւանի ավագանու անդամ, պատրաստ եմ իմ հնարավորությունների, լիազորությունների շրջանակում բարձրացնել այդ խնդիրը, ջանալ, որ այդ տաղավարները նրանց տրամադրվեն։ Եթե անգամ պատրաստի տաղավարներ չլինեն, կարծում եմ՝ հնարավոր է ստեղծել դրանք։ Ես պատրաստ եմ փողոցային առեւտրով զբաղվող ցանկացած քաղաքացու համար միջամտել, հետեւողական լինել, որպեսզի թույլատրելի վայրում տաղավար տրամադրվի, ու եթե անգամ չկա, կառուցվի»,- եզրափակում է Անի Խաչատրյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։