Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության մեջ ընդգծել է, որ 1997-ի օգոստոսին ստորագրված պայմանագիրը մեծապես սահմանել է Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ փաստաթուղթը կարեւոր հանգրվան է դարձել երկկողմ գործընկերությունը իրական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին։
«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակներին: Մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում համագործակցության լայն շրջանակով, այն լցնում ենք կոնկրետ բովանդակությամբ, բարձրացնում փոխգործակցության արդյունավետությունը։
Երկկողմ ներուժի ձեւավորման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարությունների միջեւ վստահության վրա հիմնված կանոնավոր շփումները, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն լուծելու հրատապ հարցերը, այլեւ համակարգելու դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային առանցքային խնդիրների շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: