Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
«Նրա հետ հանդիպումը որեւէ օգուտ չի բերի Իրանի ժողովրդին։ Նման հանդիպում նախատեսված չէ եւ չի լինի»,- հայտարարել է Ռայիսին։
Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել էր, որ Իրանի նախագահը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի 20-26-ն անցկացվելիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու:
Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի մեկնի կորոնավիրուսային իրավիճակի պատճառով, եւ նա տեսաուղերձով էր հանդես եկել միջոցառմանը: Իրանական պատվիրակությունը գլխավորել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։