Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության հետ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առթիվ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։
«Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի եւ բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Երեւանը նաեւ երախտագիտություն է հայտնել ռուս խաղաղապահների առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ եւ արժանապատիվ կյանքի վերականգնման նպատակով։
Օգոստոսի 29-ին ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի առթիվ հայտարարություն էր տարածել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը: