ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengri news գործակալությանը տված հարցազրույցում Ղարաբաղի հարցով Թուրքիայի հետ փոխգործակցությունը շատ բարդ գործողություն է համարել, քանի որ «գործի են դրվել հսկայական քանակությամբ փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ»:
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի նախագահը տիտանական ջանքեր է գործադրել Ղարաբաղի հարցով բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
«Ընդ որում՝ համոզելու կարիք է եղել բոլորին։ Մենք էլ մեր մակարդակով ենք խոսել թուրք գործընկերների հետ»,- ասել է Շոյգուն։ Եվ այժմ Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական կենտրոն է տեղակայվել Արցախի հրադադարի ռեժիմի դիտարկման նպատակով։
Նախարարի խոսքով` արդեն ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների ու սկսեն խոսել միմյանց հետ:
«Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններից։ Հայտնվում են նաեւ նոր խաղացողներ, հին հարեւանները՝ իրենց առաջարկներով (նկատի ունեմ Իրանին): Խոսքը ենթակառուցվածքների զարգացման մասին է` երկաթուղի, հիդրոէներգետիկա, տրանսպորտային հաղորդակցություն»,- շեշտել է նա։
Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է փոխզիջումներ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնարին է թվում, օրինակ Սիրիայում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին պարեկություն է իրականացնում Սիրիայի հյուսիս-արեւելքում:
«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք կատարում ենք ոչ սովորական՝ բարդ, բայց արդյունավետ համատեղ աշխատանք: Դժվար է, քանի որ խանգարում է նաեւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Սա նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Շոյգուն ընդգծել է, որ ինքը, որպես Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ, շուրջ 30 տարի ներգրավված է հետխորհրդային տարածքի հակամարտությունների կարգավորման գործում, բայց երբեք չի կորցրել վստահությունը, որ այդ բոլոր պետություններում խաղաղություն է լինելու։