Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել բռնի տեղահանված, տները եւ ունեցվածքը կորցրած եւ Հայաստանի ու Արցախի այլ շրջաններում ապաստան գտած արցախցիների անունից:
Հայտարարության հեղինակները ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ֆիլիպ Ռիքերի նշանակումը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսումը։ Նրանք հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի իր աշխատանքը՝ հաշվի առնելով Արցախի բնակիչների կարծիքը՝ օրինական ինքնորոշման իրավունքը, որն արտահայտվել է 1988 թվականին եւ հաստատվել այդ իրավունքի իրացման համար 32 տարվա պայքարով։
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, թե ռասայական խտրականության քաղաքականությունը, հայատյացությունը եւ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը վկայում են, որ Արցախի բնակիչները ֆիզիկապես չեն կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության տակ:
Հայտարարությունում հղում է արված Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի երկրորդ նախազգուշացմանն Ադրբեջանին:
Հայտարարության հեղինակները միջազգային կոնվենցիաների հիման վրա նրա բնակիչների իրավունքների պաշտպանության շրջանակում Արցախի հիմնախնդրի արդարացի երկարաժամկետ լուծման հույս են հայտնել։
Հայտարարությունը ստորագրել են «Վերադարձ դեպի Դիզակ», «Հանուն Հադրութի», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ Քաշաթաղ», «Վերադարձ Քարվաճառ», «Կռունկ» եւ «Շուշիի բռնի տեղահանվածների» ՀԿ-ները: