Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ գերատեսչությունում խելամիտ չեն համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ տրամադրելու արգելքը:
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ում այդ ամենին առնչվող տարբեր հեռանկարներ կան, քանի որ ԵՄ անդամ պետություններում տարբեր իրավիճակներ են։ Սակայն կարեւոր է նաեւ լսել միմյանց եւ լուծումներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- ասել է Բուրգերը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը օգոստոսի 30-ին եւ 31-ին կմասնակցի ԵՄ ԱԳ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի հետ վիզային հարաբերությունների հարցը։ Հանդիպումը տեղի է ունենալու Պրահայում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Եվրամիության երկրներից պահանջել է արգելել բոլոր ռուսների մուտքն իրենց տարածք։ The Washington Post-ին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանի նկատմամբ ամենակարեւոր պատժամիջոցը կլիներ սահմանների փակումը, քանի որ ռուսները զավթում են ուրիշների հողերը։
Եվրամիության մի շարք երկրներում արդեն քննարկում են ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հնարավորությունը։ Նման նախաձեռնությամբ են հանդես եկել Էստոնիան, Լատվիան, Ֆինլանդիան։
Ռուսաստանցիներին ԵՄ այցելելու արտոնությունից զրկելու կոչով հանդես եկած Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպա այցելությունն արտոնություն է, ոչ թե իրավունք:
Ըստ սահմանապահ եւ առափնյա պաշտպանության եվրոպական Frontex գործակալության հաղորդագրության՝ փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 22-ը Ռուսաստանից Եվրամիություն է տեղափոխվել 998 հազար 85 քաղաքացի:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո մեծ թվով ռուսաստանցիներ արտագաղթել են ոչ միայն Եվրամիության, այլեւ ուրիշ ուղղություններով: Տասնյակհազարավոր ռուսաստանցիներ տեղափոխվել են Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ղազախստան, Վրաստան եւ Հայաստան: