Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել երկրի հարավում գտնվող մի քանի ճակատներում՝ սկսելով սպասված հակագրոհը` Խերսոնի շրջանը ռուսական զավթիչ ուժերից ազատելու համար:
Փետրվարյան ներխուժման հենց սկզբում Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի հարավային տարածքները: Կիեւն արդեն շաբաթներ շարունակ խոստանում է խոշոր հակահարձակում իրականացնել՝ ազատագրելու երկրի տարածքները։
Օգոստոսի 29-ին Մոսկվայի նշանակած` Ղրիմի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հերքել է Խերսոնի շրջանում հակահարձակման մասին Կիեւի հայտարարությունը՝ պնդելով, որ ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրել հարավում եւ այլ հատվածներում։
Ղրիմի նախարարների խորհրդի փոխղեկավար (փոխվարչապետ), ՌԴ նախագահին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի հակառակորդների համար անիմաստ է Ղրիմով «զբաղվելը». թերակղզին նրանց համար անհասանելի է, եւ որ Ղրիմի ժողովրդին ինչ-որ բանով վախեցնելն անիրատեսական է։
Ըստ նրա՝ Ղրիմի հասարակությունը պասիոնարության բարձր մակարդակ ունի, որն է՛լ ավելի է բարձրանում Ղրիմի նկատմամբ սպառնալիքների կամ թեկուզ սպառնալիքների մասին հռետորական խոսակցությունների առաջացման դեպքում:
Մուրադովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ղրիմը «շատ պինդ» են պաշտպանում եւ ուկրաինական բանակի՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով թերակղզին գրոհելու բոլոր փորձերը ռազմական առումով ոչինչ չեն որոշում:
Քիսինջերի վարկածներին վերադառնալով
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը դեռեւս հուլիսի 2-ին բրիտանական The Spatator պարբերականին տված հարցազրույցում նշել էր ուկրաինական հակամարտության երեք հավանական հանգուցալուծումները։
Քիսինջերը նշել էր, որ առաջին սցենարով ռուսական զորքերը կմնան իրենց դիրքերում։ Նախկին դիվանագետի համոզմամբ՝ այս դեպքում Ռուսաստանը կստանա Ուկրաինայի 20%-ը եւ Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական եւ գյուղատնտեսական տարածքները, Սեւ ծովի երկայնքով հողատարածքը։ Քիսինջերի կարծիքով՝ նման տարբերակը նշանակում է ռուսական կողմի հաղթանակ՝ հակառակ այն բոլոր անհաջողություններին, որոնք ռուսները կրեցին սկզբում։
Երկրորդ սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանին փորձելու են դուրս մղել Ղրիմից։ Քաղաքական գործիչը կարծում է, որ այս դեպքում կծագի Ռուսաստանի դեմ պատերազմի հարցը։
Երրորդ սցենարի իրականացման դեպքում Ուկրաինան կկարողանա զսպել Ռուսաստանին, առճակատման գիծը մղել մինչեւ «հատուկ գործողության» մեկնարկի սահմանները։ Իսկ դա կնշանակի Մոսկվայի պարտություն։ Այս դեպքում, ըստ Քիսինջերի, Կիեւը կվերազինվի, սերտ կապեր կհաստատվեն Ուկրաինայի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ, կամ պետությունը կանդամակցի ՆԱՏՕ-ին։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը համոզմունք էր հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտադիր է կյանքի կոչել երրորդ տարբերակը։