Սեւանը հատուկ օր ունի: Լճի պահպանության եւ բնական պաշարների օգտագործման կարգավորման առաջնահերթ միջոցառումների մասին որոշմամբ ՀՀ Կառավարությունը 1999-ին ամեն տարվա օգոստոսի վերջին կիրակին հայտարարել է Սեւանա լճի օր:
Գեղարքունիքի մարզում այդ առիթով օգոստոսի 28-ին «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ն «Սեւանի ընկերներ» ծրագրի շրջանակում Սեւանի պահպանությանը նվիրված միջոցառումներ էր կազմակերպել: Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի՝ Քասախի եւ Դրախտիկի միջնակարգ դպրոցների 7-12-րդ դասարանների 60 աշակերտները մաքրել են ափամերձ տարածքները:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը աշակերտներին շրջակա միջավայրի պաշտպանության, մասնավորապես՝ թափոնների կառավարման, տեսակավորման ու վերամշակման մասին ուսուցողական նյութեր է տրամադրել:
Հարցեր եւ առաջարկներ
Ափամերձ արածքները մաքրելուց հետո աշակերտները թափոնների կառավարման, տեսակավորման ու վերամշակման, ինչպես նաեւ «Սեւանա լճի արդի խնդիրների ու լուծումների» մասին շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանի եւ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելի հետ քննարկում են ծավալել:
Աշակերտները հետաքրքրվել են՝ ինչու գյուղերում չկան տեսակավորման աղբամաններ, ինչու չեն տեղադրվում լճի ջրի մաքրման ֆիլտրեր, ստուգվում են արդյոք մերձափնյա օբյեկտների ջրի մաքրման համակարգերը, ինչ քայլեր են ձեռնարկվում ապօրինի ձկնորսության կանխարգելման համար, որքանով է արդարացված Սեւանի ավազանում գետերի վրա ՀԷԿ–երի կառուցումը։
Աշակերտներն առաջարկել են լճի խնդիրների մասին պատմող տեղեկատվական վահանակներ տեղադրել ամենուր, կարճ տեսահոլովակներով ցուցադրել էնդեմիկ տեսակների ու ջրային էկոհամակարգի պահպանության կարեւորությունը:
Առաջարկել են նաեւ թափոնների տեսակավորում իրականացնել համայնքներում՝ տեղադրելով համապատասխան աղբամաններ: Փոխնախարարը պատանիներին պատմել է լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրերի մասին, ընթացիկ աշխատանքների թվում անդրադարձել ձկնապաշարի վերականգնման եւ մաքրման կայանների տեղադրման հարցերին։
Համատեղ լուծումներ՝ նաեւ ինտերակտիվ խաղի միջոցով
Օրվա եզրափակիչ միջոցառումը տեղի է ունեցել Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում՝ «Սեւանի աղերսը» էկո-կրթական թատերական ներկայացմամբ:
«Արեգունի» ՀԿ-ն մեծ ջանքեր է դրել Սեւանի հիմնախնդիրներն այս կերպ հանրությանն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաեւ համատեղ լուծումներ փնտրելու համար՝ այդ գործում ինտերակտիվ խաղի միջոցով ներգրավելով նաեւ հանդիսատեսին:
Թատերական ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել ընդամենը մեկ ամիս առաջ ու արդեն համբավ է ձեռք բերել Գեղարքունիքի մարզի բնակիչների շրջանում: Ներկայացումը դիտել են Ճամբարակի ու Լճաշենի 350-ից ավելի երեխաներ ու նրանց ծնողները: Սեպտեմբերին ներկայացումը կշրջի Գեղարքունիքի մարզի մյուս համայնքներով:
«Սեւանի ընկերներ» նախաձեռնությունն իրականացնում է «Շրջակա միջավայր եւ առողջություն» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ու Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։