Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ավագ պաշտոնյան հայտնել է, որ Ռուսաստանը բախվել է Ուկրաինայում պատերազմող իր զորամիավորումները մարդուժով համալրելու խնդիրների, զորակոչիկները հաճախ ավագ սերնդի ներկայացուցչներ են եւ վատ պատրաստված։
Պենտագոնի՝ անանուն մնալ ցանկացող ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաճախ նորակոչիկների է փնտրում բանտերում՝ ռազմաճակատ մարդ ուղարկելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 25-ին հրամանագիր ստորագրեց երկրի զինված ուժերի թվաքանակը մոտ 10%-ով ավելացնելու մասին: Ըստ այդմ՝ ներկայիս 1 միլիոն 900 հազարի փոխարեն 2023-ի հունվարի 1-ից ռուսական բանակում ծառայելու է 2 միլիոն 40 հազար մարդ, որից 1 միլիոն 150 հազարը` զինվորականներ:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալն օրերս հայտարարել էր, թե ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր այս փետրվարի 24-ից ռուսական բանակը տվել է մինչեւ 70-80 հազար վիրավոր կամ սպանված։
Ուկրաինան վերադարձնում է իրենը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսական ուժերին հեռանալու՝ հայտարարելով, թե ուկրաինական բանակը վերադարձնում է կորսված տարածքները։
Զելենսկին տեսաուղերձում հավաստիացրել է, թե ուկրաինական ուժերը հետ են մղելու ռուսական զորամիավորումներին մինչեւ սահման։ «Եթե ցանկանում են ողջ մնալ, ժամանակն է, որ ռուսական զինուժը փախչի։ Գնացե՛ք տուն։ Ուկրաինան վերադարձնում է իրենը»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նախօրեին Կիեւը հայտարարեց հարավային՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական բանակի հարձակման մեկնարկի մասին։
Մոսկվայի նշանակած` Ղրիմի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հերքել է Խերսոնի շրջանում հակահարձակման մասին Կիեւի հայտարարությունը՝ պնդելով, որ ուկրաինական ուժերը մեծ կորուստներ են կրել հարավում եւ այլ հատվածներում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ ուկրաինական հարձակումն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել՝ ռուսական ուժերը հարկադրված վերադիրքավորվել են եւ Ուկրաինայի հարավ են ուղարկել արեւելքում տեղակայված զորամիավորումների մի մասը։