Կանեփը կարող է փրկել Հայաստանի տնտեսությունը խոր ճգնաժամից։ Համենայն դեպս Կառավարությունում համոզվել են, որ կանեփի մշակումը չափազանց եկամտաբեր է եւ այդ առումով հավասարը չունի բոլոր տեսակի մշակաբույսերի մեջ։ Իսկ Հայաստանի՝ մշակման ենթակա հողերի մոտ կեսը չի օգտագործվում, եւ կարելի է կանեփ ցանել ու գյուղատնտեսությունն ու տնտեսությունը զարգացնել։
Գործող օրենսդրությամբ մեր երկրում կանեփի բոլոր տեսակների մշակումն արգելված է։ Այս դեպքում խոսքը ոչ թե հոգեմետ ազդեցություն ունեցող, այլեւ տեխնիկական կանեփի՝ Hemp տեսակի մասին է, որի մեջ հոգեներգործուն նյութը՝ տետրահիդրոկանաբինոլը կամ THC-ը, 1 տոկոսից ցածր է։
Հայաստանում կթույլատրվի ընդամենը 0,2-0,3 տոկոս THC պարունակող կանեփի մշակումը, որը աճեցնելու թույլտվությունը շուտով հասանելի կդառնա մեր ֆերմերներին ու արտադրողներին։ Կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը մշակում է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որը կներկայացվի խորհրդարանին։
Արտադրական տեսակի կանեփը գործարարների համար գայթակղիչ է հատկապես նրանով, որ այդ մշակաբույսից ստացվող եթերային յուղը՝ CBD-ն, միջազգային շուկայում պահանջված է ու թանկ․ 1 լիտրն արժի 1000-4000 ԱՄՆ դոլար՝ որակով պայմանավորված։ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն ասում է՝ 1 հա արտադրական կանեփից միջինը կարելի է ստանալ 210 լ յուղ, որն օգտագործվում է դեղագործության, սննդի եւ կոսմետիկայի արդյունաբերության մեջ։ Հայաստանում այս տարի նախատեսվում է կանեփի գիտաարտադրական մշակություն ջերմոցային պայմաններում։
Բացի այդ՝ կանեփից կարելի է ստանալ մոտ 50 հազար այլ ապրանքներ՝ թել, պլաստիկ, ներկեր, թուղթ, փայտանյութ եւ այլն։ Արտադրական տեսակի կանեփ մշակում են աշխարհի մոտ 50 երկրներ, առաջատարը Չինաստանն է։ Մինչեւ անցած դարի 60-ականները արտադրական կանեփի ամենամեծ արտահանողը ԽՍՀՄ-ն էր, իսկ 2018 թվականի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այն օրինականացրեց երկրի բոլոր նահանգներում։ Վերջին երեք տարիների ընթացքում այդ մշակաբույսի թե՛ պահանջարկը, թե՛ մշակումը ամբողջ աշխարհում բազմապատկվել է։
Էկոնոմիկայի նախարարությունից նաեւ հայտնում են, որ թեեւ կանեփի մշակման ու դրա հիման վրա տարբեր նյութերի արտադրության թույլտվության մեխանիզմները դեռ մշակված չեն, բազմաթիվ գործարարներ՝ Հայաստանից ու արտերկրից, ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել։ Արտադրական կանեփի մշակումը, սակայն, ոչ բոլորին հասու կլինի, այն կդառնա լիցենզավորված գործունեություն, որպեսզի հնարավորինս արգելվի հոգեմետ նշանակության կանեփի մշակումը, եւ որ արտադրական կանեփի եկամտաբերությունից գայթակղված ներդրողներն ու ֆերմերները չոչնչացնեն այգիներն ու չվերացնեն բանջարեղենի դաշտերը։ Նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք կանեփ մշակելու հետ նաեւ արտադրություն կկազմակերպեն:
Եվ հնարավորինս անխոցելի իրավական կարգավորումներ ունենալու համար Կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են ոչ միայն տնտեսագետներ, իրավաբաններ, այլեւ ներկայացուցիչներ ԱԱԾ-ից, ոստիկանությունից, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ՊԵԿ-ից, ագրարային համալսարանից եւ առողջապահության նախարարությունից։
Ագրարային համալսարանի ներկայացուցիչ, բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հայաստանում կան բարենպաստ պայմաններ նաեւ ջերմոցային միջավայրից դուրս արտադրական կանեփ աճեցնելու համար։ Ավելին՝ կանեփի մշակումը չափազանց օգտակար եւ վերականգնողական նշանակություն ունի հատկապես հանքարդյունաբերության հետեւանքով աղտոտված հողերի համար։
«Ինչ վերաբերում է բնապահպանական-արտադրական նշանակությանը, ասում է՝ 1 հեկտարի վրա աճեցված կանեփից կարելի է ստանալ այնքան թուղթ, որքան 3-4 հա անտառից։ Ընդ որում՝ անտառը կարող է վերականգնվել միայն 15-20 տարում, իսկ կանեփ կարելի է ցանել տարին մեկ, նույնիսկ երկու անգամ։ Կանեփի դեպքում միակ խնդիրը մաքսանենգությունից խուսափելն է»,- ասում է Մարտիրոսյանը։
Մասնագետներից ոչ պակաս արտադրական կանեփի նշանակությունը լրջորեն ուսումնասիրել է նաեւ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը։ Միտքը առաջացել էր ծննդավայրում՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամալա գյուղում ունեցած 5 հա հողը մշակելու մտադրությունից, բայց Վրաստանում նույնպես դա դեռ թույլ չի տրվում։ Հայաստանում նա այդ հարցը քննարկել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ։ «Հանդիպել եմ նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարի հետ, ներկայացրել եմ աշխարհի փորձը։ Փոխնախարարի հետ մշակել ենք ընթացակարգերը, համապատասխանեցրել միջազգային կարգավորումներին»,- ասում է նա։
Միսկարյանը, ուսումնասիրելով միջազգային փորձը, հայտնաբերել է, որ նախկինում նավթային մագնատները հասել են նրան, որ 1961 թվականին ՄԱԿ-ը արգելել է արտադրական կանեփի մշակումը։ Բանն այն է, որ կանեփից ստացված որոշ ապրանքներ՝ թելը, պլաստիկը, այլընտրանք էին նավթամթերքով արտադրվող նույն ապրանքներին։ Ճիշտ է, մի քիչ թանկ էին, բայց բնապահպանական տեսանկյունից անհամեմատելի էին։ Եվ վտանգ կար, որ աշխարհն ի վերջո կանցներ բիոպլաստիկի արտադրությանը, քանի որ այն հողի մեջ անհամեմատ արագ էր լուծվում եւ վնասակար չէր։ Ի վերջո՝ 10 տարի անց, հասկացել են, որ սխալվել են, եւ նորից թույլ են տվել աճեցնել։
«Ես եկա այն եզրակացության, որ եթե մենք՝ որպես պետություն, որը մոտ 250 հազար հեկտար վարելահող չի մշակում, կարողանանք տեխնիկական կանեփ աճեցնել, մեծ արդյունք կստանանք։ Այն, արդյունաբերական կարեւոր նշանակություն ունենալուց բացի, նաեւ սոցիալական հարց է լուծում. չմշակվող հողերի հազարավոր սեփականատերեր ի վերջո կարող են եկամուտ ստանալ»,- ասում է Միսկարյանը։
Վերջինս հավելում է, որ 1 հա հողից կարելի է նվազագույնը 3000 ԱՄՆ դոլարի եկամուտ ստանալ։ Միայն այդքանն արդեն մեր երկրի ՀՆԱ-ի մեջ մեծ փոփոխություն կբերի։ «Բայց ես համոզված եմ, որ շատ ավելին էլ կստանան։ Աշխարհում նոր է զարգանում այդ շուկան, քանի որ հետազոտողները բացահայտել են, որ CBD յուղը առողջության համար օգտակար է»,- ասում է Միսկարյանն ու հավելում, որ թեեւ ուսումնասիրել է արտադրական կանեփի նշանակությունը, բայց չի ցանկանում դրա մշակմամբ զբաղվել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։