ՀՅԴ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մոսկվայի պայմանագիրը չի զսպում Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերը:
Մոսկվայում՝ 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակի առիթով ՀՅԴ հայտարարություն է տարածել: Հիշեցնենք, որ պայմանագրով Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից եւ այլն:
«Պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը», նշված է հայտարարության մեջ: «Նախ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ, պայմանագրի կողմերը՝ ՌԽՖՍՀ և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ . պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, մինչդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին»:
Հայտարարությունն անդրադարձել է նաև 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրին, որը նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները: Կարսի պայմանագրով պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը:
ՀՅԴ շեշտելով տարածաշրջանում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակը, նշում է, որ 1921թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությանը: Վառ ապացույցը Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից պարտադրված 44-օրյա պատերազմն էր:
«Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպում Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տալիս վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը». ասվում է հայտարարության մեջ:
ՀՅԴ Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։
Ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը, այս ընթացքում Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները սույն հայտարարությունը կհասցեագրեն դեսպանություններին ու միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅԴ անդամակցում է: Բյուրոն զգուշացնում է նաև ներկայիս իշխանություններին ՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։
Հարկ է նշել, որ ո՛չ Մոսկվայի, ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։