ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատել այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները չեն այցելել Շուշի։ Հասկանալի գնահատական է։ Քոչարյանի դարաշրջանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր վերջին հոդվածում գրել է, թե ՀՀ դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի, որ մտնի երկարատեւ բանակցությունների փուլ։
Իրականում մեր ԱԳՆ-ին հենց սա է ուրախացրել, Մինսկի խմբի համանախագահների քայլը միայն երկարացնում է բանակցությունների ընթացքը։
Դեսպաններն այս անգամ Շուշի չեն այցելել, հաջորդ անգամ էլ չեն այցելի, բայց մի անգամ այցելելո՞ւ են։ Ո՞ւր պիտի գնան։ Ընդունել են, չէ՞, որ ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերով Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Ընդունել են։ Իսկ Շուշին Ղարաբաղից անկախ տարածք չէ։ Մենք ուրախանալու բան չունենք, թեպետ ճիշտ է, որ ադրբեջանցիները տխրելու բան ունեն։ Որովհետեւ Շուշի չայցելելով՝ ամերիկացի, ֆրանսիացի համանախագահները նրանց հասկացնում են, որ իրենց հետ «բազարն» ավարտված չէ։
Ինչն է ուրախացնում մեր ԱԳՆ-ին՝ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, բայց ենթադրել կարելի է։ Մերոնց ուրախացնում է հակամարտության մեջ Ղարաբաղի դերի ամրագրումը։ Բայց դա այլեւս Հայաստանին չի վերաբերում։ Դա վերաբերում է Ղարաբաղին։ Մեր ԱԳՆ-ն ինչպե՞ս պիտի նյութականացնի Մինսկի խմբի համանախագահների արարքը։ Ասենք, ինչպե՞ս պիտի ցեմենտի նրանց վարքը, որպեսզի նրանք այլեւս ադրբեջանական Շուշի ոտք չդնեն, քանի դեռ այն նորից չի դարձել հայկական։ Բայց համանախագահների այդ «հայանպաստ» քայլում Ղարաբաղը նույնպես խաղալու տեղ չունի, սա բացառապես Ադրբեջանի ու համանախագահների միջեւ ընթացող պարտիա է։
Օսկանյանն ասում է, թե մեր ԱԳՆ-ն պետք է պնդի Մինսկի խմբի ձեւաչափի վերականգնումը, պետք է պնդի ԼՂԻՄ-ի ապագա կարգավիճակը, քննարկի Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների ժամկետների հարցը։ Այո՛, այս ամենը մեր ԱԳՆ-ն կարող է պնդել։ Բայց Օսկանյանի խոսքերի թիկունքում մեր դիվանագիտությունը չկա, որովհետեւ մեր դիվանագիտությունը ուժային ոչ մի ռեսուրս չունի իր պնդումներն առաջ տանելու։
Մինչդեռ Ադրբեջանը Ղարաբաղում իր մի զինվորի սպանության համար ռուս խաղաղապահների քթի տակ իրականացրեց «Հատուցում» հատուկ գործողությունն ու գրավեց, ինչպես իրենք են ասում, Սարիբաբա բարձունքը։ Իսկ եթե մեր դիվանագիտությունը շարունակելու է հույսը դնել ռուսների զինուժի ու Պուտինի վրա, դա արդեն այլ խոսակցություն է ու դիվանագիտության հետ կապ չունի։
Ընդամենը ադրբեջանա-թուրքական ուժի դեմ հանվում է ռուսական ուժը։ Ինչը, այո՛, նշանակում է, «երկարատեւ բանակցությունների փուլ», բայց որը էլի մի օր կարող է ավարտվել պատերազմով։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: