Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ռուսաստանյան դատախազությունը 24 տարվա ազատազրկում է պահանջում պետական դավաճանության համար մեղադրվող լրագրող, «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերի նախկին մեկնաբան Իվան Սաֆրոնովի համար։
Լրագրողի փաստաբան Դմիտրի Կատչեւը հայտնել է, որ Սաֆրոնովը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզության աշխատակիցներին փոխանցելու համար։
Իվան Սաֆրոնովը մի քանի ամիս զբաղեցրել է նաեւ Ռուսաստանի տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ 2012-ին նրան հավաքագրել է չեխական հետախուզությունը։ Խոսքը վերաբերում է աֆրիկյան երկրներ զենքի մատակարարմանն առնչվող ռազմատեխնիկական տեղեկություններին, որոնք վերջին հաշվով ստացել էին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները:
Լրագրողն իրեն առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը չի ընդունում եւ իր նկատմամբ հետաքննությունն անօրինական է համարում։ Նրա փաստաբանների պնդմամբ` գործի յոթ հատորներում լրագրողի մեղքն ապացուցող որեւէ փաստ գոյություն չունի։
Սաֆրոնովի գործով դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 5-ին։