Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկրում ավարտվել են Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի եւ ԱՄՆ-ի համատեղ վարժանքները, որոնք տեւել են 15 օր: Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի սպա Գեորգի Քավթարաձեն հայտարարել է, որ վարժանքների ընթացքում անձնակազմը ստացել եւ հաջողությամբ կատարել է տարբեր մարտական խնդիրներ:
Ըստ Քավթարաձեի՝ միջոցառման նպատակն է դարձել փորձի փոխանակումը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ եւ նրանց համատեղելիության բարձրացումը: Նման համատեղ վարժանքներ Վրաստանում տեղի են ունենում պարբերաբար: Դրանց մասնակիցներ են դառնում նաեւ ՆԱՏՕ-ի երկրների եւ գործընկերների ներկայացուցիչները:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ նախօրեին վեցերորդ անգամ մեկնարկել է «Արժանի գործընկեր 2022» բազմազգ զորավարժությունը, որին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների զինծառայողները։
Միջազգային զորավարժությունները ղեկավարում են Վրաստանի պաշտպանության ուժերի Արեւելյան հրամանատարությունը եւ ԱՄՆ–ի, Եվրոպայի ու Աֆրիկայի հրամանատարությունը (USAREUR), աջակցում է նաեւ Ուսումնական ու ռազմական կրթության հրամանատարության համատեղ ուսումնական եւ գնահատման կենտրոնը (JTEC):
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակից երկրների պատրաստվածությունը եւ փոխգործունակությունը՝ կայուն եւ անվտանգ միջավայր ապահովելու համար Սեւծովյան տարածաշրջանում։