Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի ժայռապատ ճանապարհի 9 կմ երկարությամբ եւ 15 մ տրամագծով թունելում 2021 թվականի մայիսին սկսված աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ արդեն 3042 մ խորության վրա:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Քվեշեթի-Կոբի թունելի շինարարական աշխատանքները ստուգելուց հետո ասել է, որ օրական փորվում է մոտավորապես 12-15 մ: Ի դեպ, կառուցումից զատ թունելը նաեւ պարսպապատվում է։
Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակում կկառուցվեն, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ եւ 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ եւ 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում եւ եզակիներից մեկը աշխարհում։
Ճանապարհը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար
Նոր 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ ճանապարհն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70%-ը կունենա լրացուցիչ գոտի։
Քվեշեթի-Կոբի նոր, շրջանցիկ ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարության ընթացքը վերահսկում է UBM միջազգային վերահսկողական ընկերությունը։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024-ին։
Հարկ է նշել, որ այս ճանապարհը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի՝ Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող տնտեսական ուղու համար: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողներն առնվազն 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսների ընթացքում ձյան եւ տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է լինում: