ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։
Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաեւի ու Մհեր Գրիգորյանի հետ եւ ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։
Կողմերը քննարկել են կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր, մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի եւ հետագա աշխատանքների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնեցված ժամկետներում երրորդ հանդիպման անցկացման վերաբերյալ։