Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամներին հարմարեցված ավտոբուս է գործարկվել։ Այն մարզի տրանսպորտային ցանցի բարելավմանն ուղղված խոշոր ծրագրի բաղադրիչ է, որն իրականացնում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համատեղ։
Ավտոբուսը սպասարկելու է Դսեղ-Վանաձոր երթուղու վրա գտնվող յոթ բնակավայրեր՝ կանգառներ ունենալով նաեւ Դեբետում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի եւ Դսեղի առողջության կենտրոնի մոտ։ Դսեղ-Վանաձոր երթուղու բնակավայրերում կառուցվելու է չորս նոր կանգառ, տեղադրվելու է կանգառի երկու նշան՝ չվացուցակի վերաբերյալ տեղեկությունը հասանելի դարձնելու ուղեւորներին։
Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը օգոստոսի 29-ին մեկնարկել է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որտեղից էլ միջոցառման հյուրերը՝ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, նոր ավտոբուսով ուղեւորվել են դեպի Դեբետի վարչական շենք։ Այստեղ ավտոբուսը հանձնվել է «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ին։
Ավելի վաղ՝ մարտին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ու Ճապոնիայի դեսպանատունը ստորագրել էին համաձայնագիր, որով Ճապոնիայի դեսպանատունը 90000 ԱՄՆ դոլար էր տրամադրել Լոռու հասարակական տրանսպորտի ցանցն արդիականացնելու համար։ Նախաձեռնության շրջանակում է ՔՈԱՖ-ը գնել նոր ավտոբուսը՝ շարունակելով ՍՄԱՐԹ գյուղում՝ Դեբետում կառուցված ավտոբուսի կանգառի ծրագիրը։
Ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ ՔՈԱՖ-ը նաեւ խթանում է թվային տեխնոլոգիաների կիրառումը. մշակվող բջջային հավելվածը (coaf.org [email protected] +374 10 502076) ուղեւորության վերաբերյալ տեղեկություն ստանալու եւ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն կտա։ Բնակիչները նաեւ կկարողանան ձեռք բերել ուղեւորության լիցքավորվող քարտեր։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։