Վայոց ձորի մարզի գյուղերում երեկոյան զբոսանքը կարող է անցնել վայրի կենդանիների, հիմնականում գորշ արջի ուղեկցությամբ: Գորշ կենդանուն չհանդիպելու համար բնակիչները մութն ընկնելուն պես տնից դուրս չեն գալիս: Տանը փակվելը, սակայն, հարցի լուծում չէ: Գորշ արջերը հաճախ շրջում են գյուղերի կենտրոնական փողոցներով, մտնում բակեր, վնասում ծառերը, փեթակները, ընտանի կենդանիներին:
Վայոց ձորի մարզպետարանից «Ալիք Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ միայն 2022 թվականին մարզում արձանագրվել է վայրի կենդանիների՝ գյուղացիական տնտեսությունների վրա հարձակման 97 դեպք: Ընդհանուր հաշվարկով մինչեւ 2022-ի օգոստոսի 15-ը վայրի կենդանիները (արջ, գայլ) վնասել են 83 թռչուն, 99 գլուխ մանր եղջերավոր եւ 11 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 161 փեթակ:
Վայոց ձորի Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի բնակչուհի Նվարդ Հարությունյանի ընտանիքը հաճախ է արջերին «հյուրընկալում» իր տնամերձ այգում: Գալիս են, փեթակները քանդում, մեղրն ուտում, մրգերով «դեսերտից» էլ օգտվում ու գնում: Դատարկաձեռն չեն հեռանում հիմնականում, Նվարդը հիշում է՝ ինչպես էին պատշգամբից տարել իր ու հարեւանուհու սալորաչիրը:
Նույն տարում Նվարդի փեթակների վրա արջերը երեք անգամ հարձակվել են, մեկ անգամ՝ գարնանը, երկու անգամ՝ աշնանը: «Գիշերը շների հաչոց լսվեց, պատուհանը բացեցի, բան չերեւաց: Առավոտյան տեսա՝ մի փեթակ շրջել են, հաջորդ օրը կրկնվեց: Գարնանն էլ՝ ապրիլին, արջը շատ «մաքուր» գործ էր արել. փեթակի կափարիչը վերցրել էր, շրջանակները հանել, դրել կողքի, երկու հզոր մեղվաընտանիք լրիվ կերել էր: Այնքան կոկիկ էր արել ամեն ինչ, որ եթե հետքերը չլինեին, չէինք իմանա, որ արջն է արել: Լավ էլ ընտրություն է անում, տեսնում է՝ ո՛ր արկղն է ծանր, դա էլ վերցնում է»,- պատմում է Նվարդը:
Լուսանկարել են, տեղեկացրել համայնքապետարանին, մարզպետարանին, բայց ոչ մի փոփոխություն: Մարզպետարանը վայրի կենդանիների հարձակումներից վնաս կրած քաղաքացիներին փոխհատուցում չի տրամադրում:
Նվարդի ընտանիքը գորշ արջի դեմ անվնաս պայքարի իր տարբերակն է գտել: «Ամեն գիշեր ռադիոն միացնում եմ, կենդանիների ու հարեւաններիս երաժշտությունն ապահովում, բա ի՞նչ անեմ: Չգիտենք էլ՝ օգուտ տալի՞ս է, թե՞ ոչ, բայց գոնե հույս է»,- ասում է նա՝ ավելացնելով, թե արդեն ոչ թե արջերն են իրենց հարմարվում, այլ իրենք՝ արջերին:
Վայոց ձորի Վերնաշեն գյուղում եւս արջերի այցերը հաճախակի են: Վերնաշենի բնակչուհի Հայկուհի Առաքելյանն ասում է՝ արջերն իրենց գյուղի եւ այգու գրեթե ամենօրյա հյուրերն են։ Նախորդ տարի արջը վնասել էր Հայկուհու ընտանիքի փեթակները, կոտրել ու ցաքուցրիվ էր արել, բայց դրանով ամեն ինչ չէր ավարտվել:
«Գազազած մեղուների հարձակումից հորս հազիվ ենք փրկել։ Այնքան էին կծել, որ շտապ օգնություն կանչեցինք: Հիմա էլ արջն ամեն օր գալիս է միրգ ուտելու։ Գյուղի բնակիչներով դիմել ենք մարզպետարան, Բնության համաշխարհային հիմնադրամին (WWF): Ասում են` դեռ որոշում չկա ինչ անել արջերի հետ, WWF-ն էլ բացատրում է, որ մեր գյուղն իրենց պահպանության տարածքում չէ»,- ասում է Հայկուհին։
Գյուղում գրեթե ընտանիք չկա, որ տուժած չլինի. մեկի ճագարը, մյուսի հավերը, երրորդի միրգն ու մեղաընտանիքներն են արջի բաժին դառնում:
Բնակիչներին փոխհատուցում կարող է տրամադրվել, եթե այգիները ապահովագրեն, բայց դա էլ կապված է մեծ գումարների ու փաստաթղթային քաշքշուկի հետ: Հայկուհին ասում է՝ պատկան մարմինների գործը միայն տուգանելն է արջերին վնասելու դեպքում:
«Որեւէ մեկս կողմ չէ կենդանիներին վնասելուն: Ի վերջո ինչ-որ բան այն չէ, որ այդքան մոտեցել են գյուղերին: Գուցե մարդու սխալ կենսագործունեության, բնության շղթաները խախտելու հետեւանք է, բայց մարդկային կյանքն է վտանգված։ Ինձ իմ եւ ընտանիքիս անվտանգությունն է հուզում»,- ասում է նա:
Վայրի բնության պաշտպանության հիմնադրամը գյուղերի բնակիչներին առաջարկել է էլեկտրական հովիվ տրամադրել. տարբեր ընտանիքների պատկանող փեթակները տեղադրվում են նույն տարածքում, եւ տարածքը հսկվում է: Նվարդ Հարությունյանն այդ առաջարկը մերժել է, ասում է՝ անարդյունավետ է: «Փեթակ կա, որ հերմետիկ չէ, կարող է վնասվել: Նաեւ գողություն է շատ լինում. ինչպե՞ս կարելի է միասին պահել տարբեր փեթակները, մեղուների կորուստ կլինի»,- ասում է Նվարդն ու նշում, թե այլ լուծում է պետք գտնել:
Ի դեպ, WWF Հայաստանն օրերս հայտարարել է, որ փորձելով մեղմել գորշ արջի հասցրած գյուղատնտեսական վնասները՝ «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի որոշ մեղվապահների էլեկտրական հովիվ է տրամադրել։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: