Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հուլիսի ընթացքում մեծացել է ավելի քան 300 հազարով եւ հասել 6,9 միլիոնի:
Հուլիսից իր տունն է լքել ավելի քան 300 հազար մարդ: Հիմնականում խոսքը վերաբերում է Ուկրաինայի հարավում եւ արեւելքում տեղահանված անձանց: Կազմակերպության տվյալներով՝ աշխատունակ տարիքի տեղահանված անձանց 44%-ն այս պահին որեւիցե միջոց չի վաստակում:
Նրանցից միայն մեկ երրորդն է հայտարարել, որ «աշխատավարձը եկամտի իրենց հիմնական աղբյուրն է, իսկ 24%-ն ապավինում է պետության օժանդակությանը:
ՄՄԿ-ի հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասը (70%) հայտնել է, որ հարկադրված է տնտեսել, այդ թվում սննդամթերքի հարցում: Հիմնական կարիքների թվում ներքին տեղահանվածները նշում են կանխիկ փողը, դեղորայքը եւ նորոգման ու շինարարության նյութերը:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով 2022-ի փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 23-ը Ուկրաինայից Եվրոպայի երկրներ է ժամանել ավելի քան 6,85 միլիոն փախստական: Նրանցից ավելի քան 3,93 միլիոնը գրանցվել է այդ պետություններում պաշտպանության եւ օգնության ցուցաբերման շրջանակում: