Կյանքի 91-րդ տարում վախճանվել է Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը:
Հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հայաստանում, նրան մեղադրում են ԽՍՀՄ-ը գիտակցաբար կործանման տանելու համար, Արեւմուտքում նա համարվում է բարենորոգիչ, ով փորձում էր վերափոխել եւ կյանք տալ հոգեվարքի մեջ գտնվող խորհրդային երկրին:
Հայերը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, Գորբաչովին մեղադրում են նաեւ Ղարաբաղի հարցում Բաքվի տեսակետը պաշտպանելու, Սումգայիթում հայերի ջարդերը չկանխելու եւ մեղավորներին չպատժելու, իսկ 1991-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ «Օղակ» ռազմական գործողությունն իրականացնելու համար, որի հետեւանքով բռնի տեղահանվեցին Շահումյանի եւ Հադրութի շրջանի 20-ից ավելի գյուղեր, խորհրդային բանակը պատժիչ գործողություն իրականացրեց Ոսկեպար գյուղում:
Հանգուցյալ Այազ Մութալիբովը իր հարցազրույցներից մեկում անուղղակի խոստովանել է, որ Գորբաչովը աջակցել է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, երբ հայերը չմասնակցեցին 1991 թվականի մարտի 17-ին Գորբաչովի՝ ԽՍՀՄ-ը պահպանելու հանրաքվեին:
Երբ պայթեց Ղարաբաղյան շարժումը, Գորբաչովը փորձում էր միջնաժամկետ լուծումներով հանգցնել կրակը:
1988 թվականի փետրվարի 26-ին, երբ Ազատության, այն օրերին՝ Թատերական հրապարակում հարյուրհազարավոր մարդիկ էին հավաքվել, Գորբաչովը Կրեմլում ընդունեց Սիլվա Կապուտիկյանին եւ Զորի Բալայանին: Վերջիններս Միխայիլ Սերգեեւիչին հանդիպելուց անմիջապես հետո վերադարձան հրապարակ եւ հայտարարեցին, որ ԽՍՀՄ ղեկավարությանը պետք է ժամանակ տալ:
Ահա մի կտոր հայ գրողների եւ Գորբաչովի զրույցից, որի մասին իր գրքում ներկայացրել է Կապուտիկյանը.
Գորբաչով – Իսկ ինչ վերաբերում է մարզը Հայաստանին միացնելուն, հիմա դա շատ դժվար է: Այդ տիպի մոտ 19 հարց ունենք, որոնք բոլորն էլ լուծման կարիք ունեն:
Բալայան — Գոնե մտցրեք Ռուսական Ֆեդերացիայի կազմի մեջ:
Գորբաչովը զվարթ ժպտաց.
-Բոլոր այդ կարգի ինքնավարություններն ուզում են մտնել Ռուսաստանի կազմի մեջ, դա նույնպես հնարավոր չէ:
-Բայց մերն ուրիշ է, հրատապ, անհետաձգելի, վերջապես հավատի տարբերության հարց կա,- դարձյալ պարզաբանեց Զորին:
1988-ի ամռանը Գորբաչովն ու ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շեւարդնաձեն հայերին առաջարկեցին ԼՂԻՄ-ի կարգավիճակը բարձրացնել ինքնավար հանրապետության: ԼՂԻՄ առաջնորդ Հենրիխ Պողոսյանը եւ Խորհրդային Հայաստանի ղեկավար Սուրեն Հարությունյանը, ըստ այդ տարիների հարցազրույցների, դեմ չէին այդ տարբերակին, բայց այդ ժամանակ հայերը «միացումից» բացի այլ բառ չգիտեին եւ այլ ելք չէին տեսնում:
Նույն տարվա դեկտեմբերին Գորբաչովը դադարեցրեց այցը Միացյալ Նահանգներում եւ շտապ վերադարձավ Մոսկվա՝ տեղեկանալով աղետալի երկրաշարժի մասին: Հաջորդ օրը նա Հայաստանում էր: Դա Գորբաչովի առաջին եւ վերջին այցն էր Հայաստան եւ Անդրկովկաս:
Ջերմ չէր Գորբաչովի հյուրընկալությունը Հայաստանում: Գյումրիից վերադառնալով Երեւան` ԽՍՀՄ առաջնորդը նախքան իր կեցավայր մեկնելը մայրաքաղաքում շփվում է բնակիչների հետ: Հայ պաշտոնյաներից Լեւոն Չախմախչյանը գրում է, որ երբ Գորբաչովը դուրս եկավ մեքենայից, առաջին հարցը Ղարաբաղի մասին էր:
«Միխայիլ Սերգեեւիչը հենց նոր էր վերադարձել Լենինականից, եւ, թվում էր, երեւանցիներին պետք է մտահոգեր աղետի գոտին: Փոխարենը նրան հարցրին` «Ե՞րբ է Ղարաբաղը միացվելու Հայաստանին»: Գորբաչովի արձագանքը կտրուկ էր: Ո՛չ նա եւ ո՛չ էլ Ռաիսա Մաքսիմովնան չէին կարող հասկանալ` ինչպես է հնարավոր նման ծանր պահին մոռանալ պատուհասը եւ հարցնել Ղարաբաղից»:
Խորհրդային Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանը գրում է. «Պետք է ասեմ, որ նա (Գորբաչովը) եւ իր կինը խոր ցավով էին նայում այդ (երկրաշարժի) ողբերգությանը: Իհարկե, ամենուր չէ, որ նրանց ընդունեցին հարկ եղած արժանապատվությամբ, իսկ որոշ տեղերում էլ սաստիկ վիրավորեցին: Դա վայել չէր մեր ժողովրդին եւ ցավալի էր ինձ համար»:
1989 թվականին Գորբաչովը իր հավատարիմ մարդկանցից Արկադի Վոլսկուն ԼՂԻՄ-ում նշանակեց հատուկ կառավարիչ: Այդ ժամանակներից Արցախի տնտեսությունը ավելի շատ կապվեց Հայաստանի հետ:
1991 թվականի օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն արագացրեց ԽՍՀՄ վախճանը: Նույն տարվա դեկտեմբերի 25-ին Միխայիլ Գորբաչովը խորհրդային քաղաքացիներին վերջին ուղերձը հղեց՝ ներկայացնելով իր հրաժարականը: Վեց օր անց՝ 1991-ի դեկտեմբերի 31-ից, Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց նաեւ դե-յուրե:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։