Վայոցձորցի ուսուցիչներից շատերը լուրջ չեն վերաբերվում այն խոստմանը, թե ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել մինչեւ 400 հազար դրամի: Կամավոր ատեստավորման նախագծում, շատերի կարծիքով, մի շարք խնդիրներ կան, որոնք նախապես չեն ուսումնասիրվել: Դա էլ, ըստ ուսուցիչների, պատճառ է դառնում ատեստավորումից խուսափելու:
Վայոց ձորի մի քանի գյուղերի դպրոցներում դասավանդող մանկավարժները «Ալիք Մեդիա»-ին ներկայացրել են, թե ինչ խնդիրներ են նկատել կամավոր ատեստավորման ծրագրում: Ուսուցիչների հիմնական դժգոհությունը վերաբերում է իրենց «ստուգելուն»: Նրանք նշում են, որ մինչեւ ուսուցչին քննելը պետք է մանկավարժական կրթության որակը բարձրացնել:
Սալլի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մհեր Հովակիմյանը, որ երկար տարիներ «Մաթեմատիկա» է դասավանդել, ուսուցիչների աշխատավարձը քննության դիմաց բարձրացնելը «վիրավորական» է որակում:
«Այս երկրում աշխատող մանկավարժի գիտելիքը նույն երկրի համալսարանն է տալիս: Եթե ուսուցիչը վատ է աշխատում, ուրեմն խնդիրը կրթական համակարգում է: Եթե պետությունը չի վստահում իր մանկավարժին, ուրեմն իր բարձրագույն կրթական համակարգը կեղծ է: Նախ դա՛ պետք է փոխի, լավ կրթություն տա. պետությունն ինքն իրեն չի՞ վստահում»,- ասում է Մհեր Հովակիմյանն ու հավելում՝ եթե աշխատավարձերը բարձրացնելու անկեղծ ցանկություն ունեն, թող ուղղակի բարձրացնեն, ոչ թե այս ձեւով:
Ելփինի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Արմինե Թադեւոսյանը համաձայն է այդ տեսակետին:
Ասում է՝ ավելի լավ կլիներ՝ աշխատեին Մանկավարժական համալսարանի կրթության որակի բարձացման ուղղությամբ, ոչ թե տարիների վաստակ ունեցող ուսուցիչներին սթրեսի ենթարկեին: «Ես չեմ պատրաստվում դիմելու կամավոր ատեստավորման, իմ գնահատականը ստանում եմ աշակերտներից։ Ուսուցչի գործը դժվար է, յուրաքանչյուր երեխայի հետ դու մի մարդ ես։ Չարժե մանկավարժին նոր փորձության ենթարկել։ Իսկ աշխատավարձը կարելի էր բարձրացնել այլ եղանակով»,- ասում է նա:
Շատինի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Տաթեւիկ Մաթեւոսյանն էլ ասում է՝ ուսուցիչը մեր հասարակության մեջ պետք է հարգված լինի. «Ատեստավորման այս տարբերակը ինչ-որ չափով գցում է մանկավարժի արժեքը: Կարծես ասեն՝ արի ստուգենք՝ գիտելիք ունե՞ս, թե՞ ոչ, հետո աշխատավարձդ բարձրացնենք»:
Նրա կարծիքով կարելի է ատեստավորման մեթոդը փոխել: Օրինակ՝ կամավոր ատեստավորմանը դիմած մանկավարժների համար դասընթաց անցկացնել, վերապատրաստել նրանց, ծանոթացնել նոր մեթոդներին, ավելացնել գիտելիքի պաշարը, հետո միայն քննական տարբերակով աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն տալ:
Ուսուցիչների հաջորդ մտահոգությունը վերաբերում է քննական թեստերին: Դրանց պատրաստվելու համար մի քանի ամիս է անհրաժեշտ, որ հասցնեն համատեղել աշխատանքի հետ, մինչդեռ, ըստ մանկավարժների, ժամանակը բավարար չէ:
Աղավնաձորի միջնակարդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լուսինե Վարդանյանն ասում է՝ մոտ 20-30 օր առաջ են հրապարակվում թեստերը: «Դա շատ կարճ ժամկետ է պատրաստվելու համար: Նախորդ փուլի հարցաշարը ծավալուն է եղել, շատ ենթահարցերով»,- նշում է նա՝ հավելելով, որ եթե հարցաշարերը 3-4 ամիս առաջ հրապարակվեն, շատերը կհասցնեն պատրաստվել ու դիմել՝ մասնակցելու կամավոր ատեստավորմանը:
Սալլիի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Հովակիմյանի կարծիքով թեստերում միշտ չէ, որ հստակ է բաժանումը, թե տվյալ ուսուցիչը որ դասարաններում է դասավանդում: «Օրինակ՝ մաթեմատիկայի թեստերում հարցեր կան այնպիսի թեմաներից, որոնք դասավանդվում են ավագ դպրոցում, մինչդեռ հիմնական դպրոցում այլ է: Բաժանում պետք է լինի: Ամեն դեպքում, եթե պատրաստվելու համար ժամանակ տրվի, այդ խոչընդոտը կհաղթահարվի»,- ասում է Սիլվա Հովակիմյանը: Նրա կարծիքով՝ ուսուցիչները բացասաբար են տրամադրված, որովհետեւ իրազեկումն է թերի, եւ արդյունքում թյուր կարծիքներ են տարածվում:
Արտավանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուուցչուհի Անահիտ Սարգսյանը եւս խնդրահարույց է համարում հարցաշարերի ծավալը: Պատրաստվելու համար պետք է ժամերով նստել համակարգչի առաջ՝ համատեղելով աշխատանքի հետ:
Համակարգչով երկար աշխատելու տեխնիկական խնդիրն էապես ազդում է կամավոր ատեստավորմանը դիմելու որոշման վրա:
Թառաթումբի միջնակարգ դպրոցի տնօրեն Զոհրաբ Խաչատրյանն ասում է՝ իրենց դպրոցի ուսուցիչների 80 տոկոսը 50-ից բարձր տարիքի է: «Երեւի իրենցից երիտասարդը ես եմ՝ 56 տարեկան: Պարզ է՝ չեն ուզում նորից ծանրաբեռնվել, հեշտ չէ: Երեք-չորս երիտասարդ ուսուցիչներ ունենք, ա՛յ, իրենք դիմելու ցանկություն ունեն»: Երկարամյա փորձ ունեցող ուսուցիչն ասում է՝ այս պահին դպրոցների հիմնական խնդիրն այն է, որ երիտասարդները գյուղ չեն վերադառնում, ու կարճ ժամանակ անց հիմնական դժվարությունը հենց մանկավարժ գտնելն է լինելու:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: