Ըստ իրանական Parstoday գործակալության՝ Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ռահմաթոլլահ Խարմալին հայտնել է, որ Իրանից արտահանումը Հայաստան ընթացիկ տարվա 4 ամսում՝ 2022-ի մարտի կեսից հուլիսի կեսը, կազմել է մոտ 115 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20%-ով։
Խարմալին ընդգծել է, որ Հայաստանը իրանական ապրանքների համար մուտքի դարպաս է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա։ Իրանից Հայաստան են արտահանվում ամրաններ, բիտում (հանքային ձյութ), պողպատ, սննդամթերք, նավթաքիմիական արտադրանք, շինարարական ապրանքներ:
Խարմալին հավելել է, որ Հայաստանում առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի 2 հա տարածք զբաղեցնող Իրանի առեւտրի կենտրոնը:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանից Հայաստան արտահանման ծավալը ներկայում հասել է 560 միլիոն դոլարի, եւ մենք նախատեսում ենք այն հասցնել 1 միլիորդ դոլարի: