Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 30-ին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ, որոնք ուղեւորվում են Զապորոժիեի ատոմակայան։ Նա նշել է, որ ներկայում Զապորոժիեի ատոմակայանի շուրջը ստեղծված իրավիճակը Ուկրաինայի եւ ամբողջ աշխարհի անվտանգության ամենաառաջնային խնդիրներից է:
Ուկրաինայի նախագահը զգուշացրել է, որ Զապորոժիեի ատոմակայանում հնարավոր պայթյունների, միջուկային ռեակտորների խափանման, ԱԷԿ-ի բլոկները ուկրաինական ցանցից անջատելու լուրջ վտանգներ կան:
«Ցանկանում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ հնարավորություն գտնի հասնելու Զապորոժիեի ԱԷԿ եւ ամեն ինչ անի խուսափելու համար այս բոլոր համապարփակ սպառնալիքներից»,- նշել է Զելենսկին թվիթերյան գրառման մեջ։
Ըստ Wall Street Journal-ի` Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ստուգումները կսկսվեն օգոստոսի 31-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 3-ը։
Հուսանք՝ ՄԱԳԱՏԷ-ի այցը վերջ կտա Կիեւի «միջուկային շանտաժին». Զախարովա
ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման համար Կիեւը կիրառում է ՆԱՏՕ-ի զենքը:
«Հուսով ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այցն ատոմակայան կօգնի կանգնեցնելու միջուկային աղետ հրահրելու` Ուկրաինայի իշխանությունների ձգտումը եւ կդադարեցնի միջուկային շանտաժը»,- շեշտել է Զախարովան: Նա հավելել է նաեւ, որ Եվրամիությանը չեն անհանգստացնում ուկրաինական կողմից ատոմակայանի գնդակոծման հետեւանքները:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ռուսական օդուժը Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ուկրաինական ԱԹՍ է խոցել:
ԱՄՆ իշխանությունները կոչ են արել ժամանակավորապես դադարեցնելու Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը
ԱՄՆ իշխանությունները կոչ են անում ժամանակավորապես դադարեցնելու Զապորոժիեի ատոմակայանի աշխատանքը՝ նվազագույնի հասցնելու ճառագայթման վտանգը:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ապահովի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների անվտանգ եւ անարգել մուտքն ատոմակայան:
Ըստ նրա՝ Ռուսաստանը պետք է համաձայնի կայանի շուրջը ապառազմականացված գոտու ստեղծմանը: Քիրբին հավելել է, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությանը:
Եվրամիությունը հետեւողական կլինի
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել է, որ առաքելությանն աջակցում է նաեւ Մոսկվան, սակայն ապառազմականացված գոտի ստեղծելու մասին խոսք չկա:
Ողջունելով ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիեի ատոմակայան՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը հետեւողական կլինի կայանի շուրջը լիակատար ապառազմականացված գոտու ստեղծման հարցում: