Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունն աշխարհաքաղաքական նկրտումներ ունի։
Ըստ նրա` Մոսկվան Երեւանի եւ Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձեւաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում նա օրինակ է բերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եռակողմ աշխատանքային խումբը։
«Ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը բնութագրվում է աշխարհաքաղաքական նկրտումներով, այլ ոչ թե ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությամբ։ Սրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անշնորհք կերպով յուրացնելու փորձի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Լուծումը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության եւ հարգանքի սկզբունքների վրա
Մարիա Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երեւանի եւ Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Նա նշել է, որ աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։
«Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության եւ հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,- ընդգծել է Զախարովան:
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը որպես միջնորդ աշխատում է, եւ այդ աշխատանքը որոշակի արդյունքներ է տալիս, որոնք համապատասխան գնահատական են ստանում Երեւանից եւ Բաքվից: