Թեեւ ամառն ավարտվեց, մեր հայրենակիցների մի մասը նոր է պատրաստվում մեկնելու հանգստի, հանգստի համար նրանք նախընտրում են թավշյա շրջանը՝ սեպտեմբերը, հոկտեմբերը, երբ հյուրանոցներն ու հանգստավայրերը ծանրաբեռնված, մարդաշատ չեն։
«Ռիմա թրեյվլ» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանն ասում է՝ հայաստանցիները մեկնում են հատկապես Եգիպտոս, Արաբական Էմիրություններ, Կիպրոս։ Եգիպտոսի զբոսաշրջային փաթեթները մատչելի են, այդ երկիր մեկնող քաղաքացիները սովորաբար գոհ են հյուրանոցների սպասարկումից, մատուցվող այլ ծառայությունների որակից։
«Եգիպտոսում հանգստացողներն առաջարկում են «օլինքլյուզիվ կամ ուլտրա-օլինքլյուզիվ», այսինքն՝ ամբողջական փաթեթ, որը ներառում է ավիատոմսեր, հյուրանոց, երեքանգամյա սնունդ, բացի այդ՝ հանգստի մեկնողներին հնարավորություն է տալիս առանց հավելյալ վճարի հաճախել որոշ բարեր, սրճարաններ, նաեւ ռեստորաններ, որտեղ հյուրասիրում են աշխարհի տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ․․․ Կարծում եմ՝ սա է պատճառը, որ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է հանգստանալ Եգիպտոսում։ Եգիպտոսին հաջորդում են Կիպրոսը, Արաբական Էմիրություններ, Թունիսը։ Ի դեպ, հարեւան Վրաստան մեկնել ցանկացողները եւս շատ են․ այնտեղ հագստանալը բավական մատչելի է։ Շատերը նույնիսկ ոչ թե հյուրանոցներ են ընտրում, այլ հյուրատներ։ Բաթումում 10-օրյա հանգստի համար փաթեթն արժե 500 դոլար»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է Ռիմա Խաչատրյանը։
Արտերկիր մեկնելու համար քաղաքացիները սովորաբար ընտրում են 7-10-օրյա փաթեթները։ Եգիպտոսում 7-10 օր հանգստանալու համար մեկ անձին առաջարկվում են զբոսաշրջային փաթեթներ՝ սկսած 500 դոլարից։ Փաթեթների գնի թանկացումը պայմանավորված է այն հանգամանքով, թե հանգստի մեկնողը քանի աստղանի հյուրանոց է ընտրում։ Այսուամենայնիվ, Ռիմա Խաչատրյանի վստահեցմամբ, անգամ 500 դոլար արժողության փաթեթները բավական լավ ծառայություններ են առաջարկում։
«Ուսումնասիրելու նպատակով եղել եմ տարբեր երկրներում եւ նկատել, որ իսկապես, չնայած մատչելի գներին, Եգիպտոսում մատուցվող ծառայությունները որակյալ են։ Կան քաղաքացիներ, որոնք տարեկան մի քանի անգամ են մեկնում այնտեղ հանգստանալու։ Ոմանք էլ միշտ նույն հյուրանոցն են գնում, քանի որ գոհ են սպասարկման որակից։ Ինչ վերաբերում է Դուբային, այնտեղ մեկ անձի համար փաթեթն արժե 700-800 դոլար (7-10 oր), որը ներառում է միայն նախաճաշ։ Քանի որ հյուրանոցում սնվելն ավելի թանկ է շատերի համար, նախընտրում են ճաշել ու ընթրել այլ ռեստորաններում, որտեղ գներն անհամեմատ մատչելի են։ Թունիսի 7-10-օրյա ամբողջական փաթեթն արժե 800-900 դոլար»,- նշում է Ռիմա Խաչատրյանը։
Անի Մնացականյանը, որն այժմ Եգիպտոսում է, ասում է՝ էլի է եղել այնտեղ։ Այդ երկիր մեկնելու համար նախատեսված զբոսաշրջային փաթեթները մատչելի են, մատուցվող ծառայությունները՝ բարձրորակ։
«Նախորդ անգամ Եգիպտոս էի եկել հանգստի այսպես ասած թավշյա շրջանում՝ սեպտեմբերին։ Այս անգամ օգոստոսի կեսից եմ եկել, այժմ էլ չեմ դժգոհոմ։ Հանգիստս հիանալի է անցնում։ Ես Եգիպտոսում եմ ամուսնուս եւ երկու երեխաներիս հետ։ Այդ առումով եւս շատ հարմար է այստեղ հանգստանալը․ երեխաների համար եւս կան հետաքրքիր ժամանցի բոլոր հնարավորությունները»,- ասում է Անին։
«Ռիմա թրեյվլ» զբոսաշրջային գործակալության տնօրենը նշում է՝ եվրոպական երկրներում հանգստանալու ցանկություն ունեցող քաղաքացիներ էլ կան, պարզապես հաճախ մուտքի արտոնագիր ստանալու դժվարություններ են ունենում։
«Շատերը նախընտրում են մեկնել Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա։ Հունաստան մեկնել ցանկացողների թիվը եւս մեծ է, պարզապես վիզա ստանալու խնդիրները ոմանց հարկադրում են հրաժարվել այս երկրներ մեկնելու մտքից։ Նշածս երկրներում 7-10 օր հանգստանալու համար փաթեթներն արժեն 1000-1200 եվրոյին համարժեք դրամ։ Շատերը չեն ուզում այդքան ժամանակ ծախսել, փաստաթղթեր հավաքել, առավել եւս, երբ հաստատ չգիտեն՝ կստանա՞ն վիզան»,- ասում է Ռիմա Խաչատրյանը։
«Տուր գրուպ» զբոսաշրջային գործակալության տնօրեն Նանա Սարուխանյանը եւս նշում է՝ հայաստանցիների մեծ մասը նախընտրում է հանգստանալ Եգիպտոսում, Արաբական Էմիրություններում, Վրաստանում․․․
«Այս երկրներում սնունդը որակյալ է, իսկ մեր հաճախորդները սննդին շատ մեծ ուշադրություն են դարձնում, սիրում են ուտել։ Արաբական Էմիրություններ մեկնում են հիմնականում երիտասարդները՝ ամուսնական ճամփորդության։ Եգիպտոս, Դուբայ, Վրաստան մեկնողները հիմնականում սիրում են ժամանց, ծով, վայելքներ, այսինքն՝ սովորաբար այս երկրներ մեկնած անձինք տեսարժան վայրեր չեն էլ գնում»,- ասում է Նանա Սարուխանյանը։
«Հատիս տուր» զբոսաշրջային գործակալությունը, որը տուրեր է կազմակերպում նաեւ դեպի Արեւմտյան Հայաստան, փաթեթում ներառել է վերելք դեպի Արարատ լեռը։ Գործակալության տնօրեն Արթուր Մարտիրոսյանն ասում է՝ պահանջարկը բավական մեծ է։
«Արեւմտյան Հայաստան մեկնողների մի մասը ցանկանում է Արարատ լեռը բարձրանալ։ Սրանով պայմանավորված՝ մենք մեր փաթեթներում նաեւ դա ենք ներառել։ Մեկնողների մեծ մասը ցանկանում է լինել հատկապես Վանում։ Մեքենայով ենք գնում՝ Վրաստանով, հետեւաբար տուրերը նվազագույնը 4 օրով են լինում։ 7-օրյա զբոսաշրջային փաթեթը դեպի Արեւմտյան Հայաստան արժե մոտ 850 դոլար․ այս փաթեթն ամբողջական է՝ երեքանգամյա սննդով։ Դրանից օգտվողները նաեւ Արարատ լեռը բարձրանալու հնարավորություն ունեն»,- եզրափակում է Արթուր Մարտիրոսյանն՝ ընդգծելով՝ շատերի համար Արեւմտյան Հայաստան մեկնելն ու հատկապես Արարատ լեռը բարձրանալը երազանք է, ուստի ոմանք նախընտրում են ավելի շատ գումար խնայել եւ այլ երկրներ մեկնելու, ավելի քիչ գումարով հանգստանալու փոխարեն հենց Արեւմտյան Հայաստան գնալ։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։