Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը միջուկային համաձայնագրի ավելի հուսալի տեքստի կարիք ունի, տեքստ, որում պատժամիջոցների վերացման հստակ երաշխիքներ կլինեն:
«Երաշխիքների առումով մենք շատ ավելի հզոր ձեւակերպումների կարիք ունենք»,- Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ավարտին շեշտել է Իրանի արտգործնախարարը։
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը նաեւ պահանջում է դադարեցնել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հետաքննությունները։ Դրանք, ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, նախաձեռնվել են քաղաքական դրդապատճառներով:
Խոսքը նախեւառաջ ՄԱԳԱՏԷ-ի ամիսներ առաջ ձեռնարկած հետաքննության մասին է, որի նպատակն է պարզել՝ ինչպես են Իրանի՝ տարիներ առաջ կոնսերվացված մի շարք միջուկային օբյեկտներում ուրանի հետքեր հայտնաբերվել։