ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցության ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարարը հույս է հայտնել, որ պայմանավորվածությունները կձեւակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը, ըստ նրա, հատկապես կարեւոր է:
Լավրովը նշել է, որ այդ աշխատանքն արվում է ոչ թե վակուումում, ոչ թե մեկուսացված, այլ սերտորեն առնչվում է տրանսպորտային ավելի լայն նախագծերին, ներառյալ Հյուսիս-Հարավը, որում իրանական կողմը նույնպես հետաքրքրված է: Ըստ նրա՝ գործնական առումով այդ գործընթացում զգալի տեղաշարժեր կան:
Ինչ վերաբերում է այդ ամենի համապարփակ, տարածաշրջանային նշանակությանը, ըստ Լավրովի, կարող են կառուցվել լոգիստիկ շղթաներ: Դրանք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ:
Իրանի արտգործնախարարն էլ ասել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։ «Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված ուղիները, մենք ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաեւ պարենային անվտանգության կարեւոր գործոն»,- ասել է Աբդոլլահիանը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու հարցում։