ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարեւելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը: Ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռեւս չընդգրկված տարրեր: Հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման եւ ուտելի բույսերի առանձնահատկություններին մանրակրկիտ անդրադարձ է կատարվել:
Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ հատկապես Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցության եւ համագործակցության առումով:
Հարկ է նշել, Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թվականին: Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Դուդուկն ու իր երաժշտությունը», «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները», «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում», «Քոչարի. ավանդական խմբապար», «Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» տարրերը: