ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 31-ին ավարտվել է Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ շուրջ չորս ժամ՝ փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպումը:
Քննարկվել են գերիների ազատ արձակմանը եւ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը եւ սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: Արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:
Սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին:
Առաջնորդների ձեւաչափով հաջորդ հանդիպումը եւս տեղի կունենա նոյեմբերին:
ԵՄ-ն կշարունակի զբաղվել հայ գերիների ազատ արձակման հարցով. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ավարտին հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ։
Միշելը շեշտել է ադրբեջանական կողմից հայ գերիների ազատ արձակման կարեւորությունը։ ԵՄ նախագահը խոստացել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այդ հարցով։
Քննարկված հարցերից Եվրախորհրդի նախագահը առանձնացրել է նաեւ սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:
«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարեւոր է երկու կողմերի բնակչությանը տանել եւ պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարեւոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից եւ քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:
ԵՄ նախագահը վերահաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը հետագայում եւս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ ի շահ երկու երկրների եւ նրանց բնակչության: