Եթե հաշվենք Անկախության հռչակագրի հրապարակման օրվանից՝ 1990 թվականի օգոստոսի 23-ից, երբ Հայաստանի Հանրապետություն հռչակվեց խորհրդային Հայաստանը, եւ սկսվեց անկախության գործընթացը, որն իր տրամաբանական ավարտին հասավ 1991-ի սեպտեմբերի 21-ին, ապա մեր երկիրը 32 տարի է՝ անկախ է։
Այսքան տարի անց, սակայն, Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են ճանաչում, գնահատում ու հասկանում անկախությունը։ Տարբեր անկյուններից ձայներ են հնչում, թե անկախությունն իրականում անկախություն չէ, թե այն պայքարի արդյունք չէ, նվեր է, որ մեզ բաժին է հասել Խորհրդային Միության քայքայման հետեւանքով։ Կարծես հնարավոր է անկախանալ, երբ կայսրությունն ամուր է ու հզոր։
Այս խոսակցություններին կարելի էր չանդրադառնալ, եթե դրանց հեղինակները տնաբույծ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ամենագետները լինեին միայն, որոնց առջեւ բացել են իրենց դռները սոցիալական ցանցերը եւ հնարավորություն տվել, որ վխտեն նրանք այդ տարածքներում ու ցփնեն առատորեն իրենց մտքի գոհարները։ Անկախության հռչակումից ժամանակ անց, երբ երկիրը սկսեց լինել-չլինելու իր կռիվը մղել, երբ կյանքը սկսեց վատանալ, անկախության մտքին ու գաղափարին խորթ, անկախության ձեռքբերման ընթացքին անմասն ու անտեղյակ մարդկանց միջավայրերում ձեւավորվեցին այս զրույցներն ու հրապարակ նետվեցին։
Մեր արժանապատվությունը խոցող ամենավիրավորական պնդումն այն է, թե անկախության համար պայքար չի եղել, թե անկախությունը պատահականություն էր, նվեր։ Մեր ժողովրդի ու մեր երկրի պատմությանն ու հազարամյակներ տեւող ընթացքին իրենց մտավոր ու հոգեւոր նեղլիկ պատուհանից նայող այս մարդիկ չգիտեն, որ անկախության համար պայքարը մեզ միշտ է ուղեկցել։ Այդ պայքարի ու այդ ձգտման պատճառով է, որ ի հեճուկս տարաբնույթ խոչընդոտների, փորձությունների ու փորձանքների ոչ միայն կանք այսօր, այլեւ ունենք պետություն։ Ոչ մի զավթիչ չի կարողացել սպանել մեր մեջ անկախության ձգտումը։
Մեզ հետ ճանապարհ սկսած շատ ժողովուրդներ վաղուց է՝ չկան, շատ ժողովուրդներ շարունակում են լինել, բայց բոլորը չեն, որ պետություն ունեն։ Իսկ մենք ունենք, որովհետեւ մեր ժողովրդի լավագույն զավակները մշտապես տվել են իրենց միտքը, իրենց քրտինքը, իրենց արյունը, որ լինի մեր երկիրը, որ պետականություն ունենանք։ Երբ հնարավոր է եղել, երբ թուլացել ու քայքայվել են սկսել մեզ նվաճած կայսրությունները, օգտվել ենք հնարավորությունից ու հռչակել ենք մեր անկախությունը։ Կայսրությունները եկել ու գնացել են, իսկ մենք կանք, ունենք պետություն եւ պատկերացնելի ու անպատկերացնելի խոչընդոտներից անկախ պե՛տք է շարունակենք ունենալ։
Դարերից եկող երկարամյա մեր պայքարը, որ հասնում է 20-րդ դար ու մեր օրեր, հասկանալու համար հարկավոր է ունենալ ողնաշար, կեցվածք եւ արժանապատվություն։
Բոլորս ենք, իհարկե, գալիս խորհրդային միությունից։ Բայց բոլորը չէ, որ ազատվել են խորհրդային հնազանդ մարդու կապանքներից։ Այս չազատվածներն են, որ անկախության արժեքն ու իմաստը հասկանալ չեն կարող։ Չեն տեսնում նրանք ու չեն ճանաչում անկախությունը։ Նրանց համար անկախությունը նվեր է, որովհետեւ իրենք անկախության համար չեն պայքարել, իրենց շրջապատում պայքարող չեն ունեցել, անմասն են եղել մեր մեծ պայքարին ու անտեղյակ։
Մենք ունենք պետություն։ Առանց այն չգնահատողների ու չճանաչողների վրա ուշադրություն դարձնելու պետք է զբաղվենք դրա ամրապնդմամբ։ Ցանկացած կորուստ ոչինչ է պետականության կորստի համեմատ։ Ուրեմն ամեն գնով պետք է պահենք ու պահպանենք այս պետությունը, որ, այո՛, անկախ է, բայց խոցված։ Խոցված է նաեւ այն պատճառով, որ անկախության հարգը չհասկացողներ կան ոչ միայն Ֆեյսբուքում, ոչ միայն բակերի զրուցարաններում եւ ավտոբուսների կանգառներում, այլ նաեւ քաղաքական կոչվող դաշտում եւ իշխանական ամենավերին օղակներում։
Տես նաեւ՝ Հայ այլախոհները
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։