«Մշակութամետ»-ը նախաձեռնություն է, որը 44-օրյա պատերազմից հետո հիմնել են արվեստի ոլորտում աշխատող եւ ընդհանրապես արվեստին առնչվող մարդիկ։ Հետպատերազմյան ճգնաժամն ու հուսահատությունը կարեւոր գործի սկիզբ են դարձել։
Սկսել կրթությունից
«Մեր նախաձեռնությունը պատերազմից անմիջապես հետո՝ 2021 թվականի հունվարին է հիմնվել։ Մտածում էինք, թե ինչ կարող ենք անել մեր ոլորտում, ինչ կարող ենք փոխել։ Պատերազմի ժամանակ եթե ծրագրավորողը, ճարտարագետը, բժիշկը գիտեին՝ իրենց գործը որն է, ապա մենք էդքան էլ լավ չէինք պատկերացնում մեր անելիքը։ Բայց գաղափարը մեզ միավորեց, ու որոշեցինք ամեն շաբաթ լինել սահմանապահ համայնքներում»,- պատմում է «Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր, արվեստաբան Սիմա Օհանյանը։
Առաջին ուղղությունը Տավուշի մարզի Չինարի եւ Այգեձոր գյուղերն են եղել, հիմնական անելիքը՝ մշակույթ տարածելը։ Բայց մինչ այդ, ըստ նախաձեռնության հեղինակների, առաջնային է եղել սովորեցնելը։
«Մենք հասկացանք, որ ինչ խնդիր էլ տեսնում ենք, մեկ է, ակունքներում կրթությունն է։ Եվ մշակույթին առնչվող այնպիսի գլոբալ նախաձեռնություն չկար, որը սահմանամերձ գյուղերում կզբաղվեր մշակութային կրթությամբ։ Գաղափարը սկզբում երազանք էր, որովհետեւ յոթ հոգի էինք, հետո տասից ավելի դարձանք, հետո էքսպոնենտային աճով ամեն շաբաթ տեսնում էինք, որ մեզ միացող մարդկանց թիվն ավելանում է»,- նախաձեռնության հիմնադիրներից Աննա Դանիելյանն է ասում։
Սահմանապահ գյուղերի երեխաների հետ հանդիպումները կայուն դասապրոցես են դարձել․ ամեն շաբաթ եւ կիրակի «Մշակութամետ»-ից 15-հոգանոց խումբ է Չինարի եւ Այգեձոր այցելել։ Նկարչություն, ասեղնագործություն, արվեստի պատմություն, ծանոթություն երաժշտական գործիքներին, ազգային երգ ու պար․ այս ամենը կամաց-կամաց սահմանին ապրող երեխաների կյանք է մտել։
«Սկզբում բավականին բարդ էր այն առումով, որ էրեխեքը ջութակը կիթառից չէին տարբերում, մտածում էին՝ փողային գործիքներով կարելի է փող աշխատել։ Բայց հիմա այդ նույն էրեխեքն իրար հետ մրցում են, թե ով է ավելի լավ կիթառ նվագում, իրար ոգեշնչում են, որ հանկարծ մեկն իր քանոնի դասերը բաց չթողնի, մյուսը՝ կիթառի եւ այլն»,- ներկայացնում է Սիման։
Ծրագրերի համակարգող Աննա Դանիելյանն էլ ասում է՝ ժամանակի ընթացքում երեխաների թաքնված ձիրքերն ենք բացահայտում եւ աջակցում մասնագիտական կողմնորոշման հարցում։
«Այսինքն՝ մենք նպատակ չենք դնում ամբողջ ազգը դարձնելու ջութակահար, այլ միավորելու, առաջնորդության որոշակի ծրագիր անելու եւ ուղղորդելու նրանց, ասելու, որ իրենք ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մյուս տարածքներում ապրող երեխաներից եւ որ մենակ չեն»։
Մեծանալ եւ մեծացնել աշխարհագրությունը
Դեռ երկու տարին չբոլորած «Մշակութամետ»-ը հարյուրից ավելի կամավոր ունի։ Այն նախաձեռնությունից դարձել է հասարակական կազմակերպություն, որին անդամագրված մշակները երեսուն եւ ավելի առարկա (արվեստի պատմություն, ընթերցանություն, ազգային երգ ու պար, դերասանական արվեստ, երաժշտական գործիքներ, կարպետագործություն, ասեղնագործություն եւ այլն) են դասավանդում Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերում։
Մեկնարկից ամիսներ անց, երբ Չինարիում եւ Այգեձորում ամփոփել են մշակութային կրթության առաջին կիսամյակը, նախաձեռնության հիմնադիրները որոշել են հաջողված փորձը կիրառել եւս երկու գյուղում՝ ու Տավուշի Արծվաբերդում եւ Արարատի Երասխում։
«Այդ ժամանակ Երասխի տարածքում սահմանին իրավիճակը լարված էր։ Մենք կարծում ենք, որ մեր տեղը հենց էնտեղ է, որտեղ ամենալարվածն է։ Հենց էդտեղ մեր կարիքն ամենաշատը կա»,- բացատրում է Սիմա Օհանյանը։
Նույն տրամաբանությամբ տարեսկզբին «Մշակութամետ»-ը Աղավնո է «գնացել»։ Երեք կամավորներ մարտից մինչեւ հուլիս ապրել ու տեղի երեխաների մասնակցությամբ մի քանի խմբակներ են վարել։
Նաիրա Տեր-Ասատրյանը երեխաներին կիթառ նվագել եւ ազգային պարեր է սովորեցրել։ Եվ զարմացել արդյունքից։
«Կարճ ժամանակում նրանք, որ պետք է մինիմալ բաներ սովորեին, կարողացան նվագել, երգել, պարել։ Ու ոգեւորված էին շատ»,- պատմում է Նաիրան։
Նոր մեկնարկ, նոր սահմաններ
«Մշակութամետ»-ը չորրորդ կիսամյակի դասերն է սկսում։ Մեկնարկը հոկտեմբերին է։ Բայց մինչ այդ նոր կամավորների են հրավիրում միանալու իրենց։ Բոլոր մանրամասները կան ֆեյսբուքյան էջում, իսկ նոր ուղղությունը Գեղարքունիքի մարզն է։
«Մշակութային առումով էնտեղ բավականին պասիվ է կյանքը, եւ սահմանը՝ լարված։ Մեր ամփոփիչ համերգն էլ էնտեղ՝ Կարճաղբյուր գյուղում տեղի ունեցավ։ Իսկ Այգեձորում եւ Չինարիում, որտեղ բավականին երկար ենք աշխատել, կարելի է ասել՝ մեկ քայլ առաջ ենք։ «Մշակութամետ»-ի անդամներից մեկը արմատներով Այգեձորից է եւ այնտեղ արդեն մշակույթի տունն է ղեկավարում։ Մեր նպատակն է այդպիսի կենտրոններ ունենալ բոլոր գյուղերում, որպեսզի կարողանանք հասնել այլ գյուղեր նույնպես»,- մանրամասնում է Սիմա Օհանյանը։
Նախաձեռնությանը, ինչպես Սիման է նշում, միանալ ցանկացողներ կան։ Անգամ նրանք, որոնք գաղափարի կրող են, բայց արվեստի որեւէ ճյուղի չեն տիրապետում։ Նպատակ կա անվճար հիմունքներով նրանց որոշ հմտություններ սովորեցնելու, ինչն էլ կփոխանցեն երեխաներին։
«Քանի որ ուզում ենք ավելի շատ գյուղերում լինել, փորձում ենք տարբեր դրամաշնորհներ գտնել, ծրագրերի, նախաձեռնությունների դիմել, որոնք մեզ կօգնեն»,- զրույցն ամփոփելով՝ ասում է Սիմա Օհանյանը։
Մշակույթից բացի
«Մշակութամետ»-ի աջակցությամբ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում երեխաները եռաչափ գրաֆիկա են սովորում։ Տեղի բարբառը շապիկների վրա «ասեղնագործելով» էլ համագործակցում են տարբեր արտադրողների հետ։ Իսկ Արարատի մարզում՝ Երասխում, էջանշաններ են պատրաստում։
«Երբ էրեխեքն առաջին մակարդակն անցնում են, օրինակ՝ նկարչություն են սովորում, փորձում ենք հասկանալ, թե նրանց ուրիշ ինչ է պետք, եւ մեկ այլ ուսուցչի բերել, որն արդեն երկրորդ մակարդակում նոր բան կսովորեցնի»,- ասում է Աննա Դանիելյանն ու եզրափակում՝ կարեւորը, որ իրենք այլեւս չեն մտածում, թե քանի որ գյուղից են, քաղաքից չեն, ուրեմն նման չեն մյուսներին։
«Մշակութամետ»-ին միանալ եւ աջակցել ցանկացողները կարող են անցնել այս հղումներով՝
Կազմակերպության ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/whenartmeetschildren
Աջակցել կարող եք այստեղ
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։