«Հոգեբանական բռնության ենթարկվել եմ համալսարանական տարիներին: Դրա հետեւանքով հիմա ունեմ ախտորոշված խնդիր»,- պատմում է Հասմիկ Բունիաթյանը:
Հասմիկը ուսանողական տարիներին փորձել է պայքարել իր իրավունքների համար, սակայն դասախոսներից մեկի կողմից ենթարկվել է ճնշման, հետապնդման, ինչն էլ խոր հետք է թողել:
Բռնության դրսեւորումները լինում են տարբեր, բայց հետեւանքները, թերեւս, նույնն են՝ վախ, մեկուսացում, միայնակության, անպաշտպանության զգացում:
Այդ ամենը հաղթահարելու համար Հասմիկը պայքարում է ամեն օր՝ փորձելով հաշտ լինել ինքն իր եւ արտաքին աշխարհի հետ, իր աշխատանքով նպաստել որեւէ դրական փոփոխության, ինչն իրեն բավականության ու լիարժեքության զգացում կտա:
Բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կանանց Հասմիկը խորհուրդ է տալիս լինել պահանջատեր սեփական իրավունքները պաշտպանելիս, բարձրաձայնել բռնության ցանկացած դրսեւորում, որը կարող է նպաստել դրա կանխարգելմանը, գիտակցել, որ դժվարությունները հաղթահարելու ճանապարհին աջակցություն կստանան։
Որպես բռնություն վերապրած անձ՝ Հասմիկը փնտրում էր հարթակ, որտեղ կկարողանար խոսել եւ լինել ընդունված: Այդ հարթակը դարձավ «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագիրը:
Հասմիկը կարծում է, որ հետեւանքների դեմ դժվարին պայքարում իրեն աջակցում են ոչ միայն ընտանիքը, ընկերները, բժիշկը, այլեւ խնդիրը բարձրաձայնելու այսպիսի հնարավորությունները, որոնք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկված ու պաշտպանված լինելուն։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնն այս ծրագիրը մեկնարկել է՝ նպատակ ունենալով նպաստելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության վերացմանը, կանանց իրավունքները պաշտպանող եւ բռնության ենթարկված անձանց ծառայություններ մատուցող կառույցների հզորացմանը:
Հաշմանդամություն ունեցող կանայք ենթարկվում են կրկնակի խտրականության: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը բարձրաձայնում էր դեռեւս 2015 թվականից:
«Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի համակարգող Ռոզա Ավագյանն ասում է, որ մեր երկրում շատ կանայք հոգեբանական ու տնտեսական բռնության վերաբերյալ թերի պատկերացումներ ունեն: Սեռական, ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունից զատ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանայք խոցելի են նաեւ տնտեսական անկախության տեսանկյունից. նրանք դժվարությամբ են աշխատանք գտնում, եւ որպես կանոն, նրանց թոշակներն ու նպաստները տնօրինում են ընտանիքի անդամները:
«Ագաթ»-ը բռնության տեսակների մասին ներկայացրել է սոցիալական հոլովակներ, որոնք մատչելի են թե՛ տեսողության, թե՛ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Ռոզան նկատում է նաեւ, որ կարծրատիպների հետեւանքով շատերը բռնության ենթարկվելուց հետո չեն դիմում ոստիկանություն: «Դե, ուղղակի զայրացած ժամանակ խփել է», «Դե, ուղղակի գերհոգատար է իմ նկատմամբ, դրա համար էլ հոգեպես ճնշում է», «Դե, ուղղակի ինքն ավելի լավ կարող է տնօրինել իմ թոշակը». ահա այսպես են արդարացնում կանայք բռնարարներին:
Սակայն բռնությունն ընդունելն ու բարձրաձայնելը արդեն իսկ դրա հաղթահարման առաջին քայլերն են:
«Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» ծրագրի շրջանակում առաջիկա ամիսներին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կազմակերպվելու է աշխատաժողով բռնության զոհ դարձած անձանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար: Հաշմանդամություն ունեցող եւ բռնության ենթարկված կանանց իրազեկվածության բարձրացման նպատակով ստեղծվելու են տեղեկատվական նյութեր, եւ կազմակերպվելու է համաժողով «Հաշմանդամությունը եւ գենդերային ներառական զարգացումը» թեմայով: