Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղն է գրավել Պրահայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը։
Հայ շախմատիստուհին վերջին տուրում ոչ–ոքի է խաղացել մրցաշարի առաջատար՝ Լեհաստանի ներկայացուցիչ Մոնիկա Սոչկոյի հետ եւ, հավաքելով 8 միավոր, կիսել է 2-6–րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է 4-րդ տեղը, ինչի շնորհիվ նվաճել է 2023-ին անցկացվելիք Աշխարհի գավաթի ուղեգիր։
Աշխարհի գավաթին մասնակցելու կմեկնի նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Աննա Սարգսյանը։ Վերջին տուրում նա հաղթանակ է տարել ֆրանսուհի Սոֆի Միլյեյի նկատմամբ եւ 7,5 միավորով զբաղեցրել 8-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է Հայաստանից Եվրոպայի անհատական առաջնության մյուս մասնակիցներին, Էլինա Դանիելյանը, վերջին տուրում պարտվելով, 7 միավորով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, Մարիա Գեւորգյանը 6,5 միավորով դարձել է 24-րդը, իսկ Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը։
Եվրոպայի չեմպիոն է դարձել լեհ Մոնիկա Սոչկոն, որը հավաքել է 8,5 միավոր։ 1-9-րդ տեղերը զբաղեցրած Եվրոպայի առաջնության մասնակիցները 2023-ի Աշխարհի գավաթի ուղեգիր ստացան։
Գաբրիել Սարգսյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 32-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է սեպտեմբերի դասակարգման նոր աղյուսակը:
Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 32-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 80-րդը, Շանթ Սարգսյանը` 87-րդը:
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցրել է 37-րդ, Աննա Սարգսյանը` 77-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 93-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդն է:
Արամ Հակոբյանը հաղթել է Դուբայի մրցաշարի 5-րդ տուրում
Դուբայի շախմատային միջազգային մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Dubai օpen-ի այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Արամ Հակոբյանը, միավորը կիսել է Սամվել Տեր-Սահակյանը: Հաղթանակ է տարել նաեւ Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ, ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը:
Արամ Հակոբյանն ունի 4 միավոր եւ առաջատարից հետ է մեկ միավորով:
Dubai օpen շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին: