Մոսկվայում մահացել է «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի նախագահ, ընկերության «Լուկօյլ» անվանման հեղինակ Ռավիլ Մագանովը։ Նա սրտի հիվանդությունից բուժվում էր Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, որի 6-րդ հարկի լուսամուտից էլ վայր է ընկել:
Ռուսական մամուլում, մասնավորապես Mash տելեգրամյան ալիքում եւ այլուր լուրեր տարածվեցին, թե Մագանովն ինքնասպանություն է գործել, սակայն հետո տեղի ունեցածը «դժբախտ պատահար» որակվեց: Նշվում է, որ առավոտյան՝ 07։30-ին, լուսամուտի մոտ ծխելիս նա չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ցած է ընկել։
Ռուսաստանի նավթագազային ոլորտի ղեկավար կազմի ներկայացուցիչների շրջանում սա մահվան առաջին դեպքը չէ։ Օգոստոսի 20-ին մահացել էր «Գազպրոմ Տրանսգազ Չայկովսկի» ՍՊԸ-ի ղեկավար Սերգեյ Սուսլիկովը, երկու օր անց՝ «Գազպրոմ Տրանսգազ Տոմսկ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լուն-Ֆուն։ Այս տարվա մայիսին էլ իր տանը մահացած էին գտել «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր, միլիարդատեր Ալեքսանդր Սուբոտինին։
Խորհրդավոր այս մահերի շղթան թերեւս կարելի է եզրափակել «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահ Վիադիսլավ Ավաեւի, նրա կնոջ եւ դստեր եւ «Նովատէկ»-ի նախկին թոփ-մենեջեր Սերգեյ Պրոտոսենիի, նրա կնոջ ու դստեր մահվան դրվագներով. Պրոտեսենիների մարմինները հայտնաբերվել էին Իսպանիայի նրանց ամառանոցում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը