Էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Մեթիլդա Վերսդորֆերը Եվրախորհրդարանի Էներգետիկայի կոմիտեում հայտնել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների դադարեցումից հետո Եվրամիության 13 պետություններ արդեն ռուսական գազ չեն ստանում կամ ստանում են սահմանափակ ծավալով:
«Կա նաեւ դրական նորություն. Եվրոպայում գազապահեստարանների լցվածությունը հասել է 80 տոկոսի, ինչը դրական քայլ է ձմռան նախապատրաստության համար»,- նշել է Վերսդորֆերը: Նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովն աշխատում է էներգետիկ պաշարների մատակարարումները բազմազան դարձնելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի գլխավոր միջոցը համարում է կանաչ էներգետիկայի անցման արագացումը:
Եռօրյա դադար՝ 1000 ժամը մե՞կ
Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմ»-ը երեք օրով դադարեցրել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք» խողովակաշարով՝ դա պատճառաբանելով տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ:
«Գազպրոմ» ընկերությունից հայտարարել են, որ 1000 ժամը մեկ աշխատանքից հետո եռօրյա դադարներ անելն անհրաժեշտություն է:
Սակայն Գերմանիայի էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ, կապով եւ երկաթուղով զբաղվող դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն այս դադարն անվանել է տեխնիկապես անհասկանալի որոշում՝ մտավախություն հայտնելով, թե գուցե դա պարզապես ռուսների համար պատրվակ է, որ հերթական անգամ ճոճի «գազային մահակը»: