Եվրոպայում շոգ եղանակը մեծ դժվարություններ է առաջացրել: Կառլոս III-ի անվան առողջապահության ինստիտուտի տվյալներով՝ Իսպանիայում 2022-ի հունիսի 1-ից օգոստոսի 30-ը շոգից մահացել է ընդհանուր առմամբ 4655 մարդ։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են հուլիսին եւ օգոստոսին՝ համապատասխանաբար 2223 եւ 1602 մահվան դեպքեր։
Հուլիսին եւ օգոստոսի սկզբին ամբողջ Իսպանիայում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38-40 աստիճան:
Անոմալ շոգը 2022-ին մարդկային կյանքեր է խլել նաեւ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում եւ այլուր: Դեռ հուլիսին հայտնի է դարձել, որ Պորտուգալիայում շոգից մահացել է ավելի քան 1000 բնակիչ:
Գերմանիայում Բադեն-Վյուրտեմբերգ նահանգում ծայրահեղ շոգից էլեկտրահաղորդման մալուխների հալման հետեւանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Հունաստանում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում անտառային հրդեհներ են բռնկվել: