Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ադրբեջան կատարած այցից հետո Իրանի Ատրպատական նահանգի նահանգապետ Աբեդին Խորամի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
Հայաստան մեկնելուց առաջ նահանգապետն ասել է, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ տարածաշրջանային շուկաներում ակտիվ ներկայությունը դիվանագիտության ոլորտում Իրանի կառավարության քաղաքականության հիմնական եւ ռազմավարական ուղղություններից են:
«Իսկ Ատրպատական նահանգը, գտնվելով մի քանի կարեւոր երկրների հարեւանությամբ, զգալի ներդրում ունի այդ երկրների հարաբերությունների կայացման գործում»,-շեշտել է նա:
Անդրադառնալով Հայաստան այցի նպատակին` Խորամն ասել է, որ մաքսային եւ տրանսպորտային խնդիրներից զատ քննարկվելու է նաեւ հայ-իրանական սահմանին համատեղ առեւտրային քաղաքի, ինչպես նաեւ համատեղ տեխնոլոգիական քաղաքի ստեղծման հարցը։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ նախատեսված են հանդիպումներ եւ բանակցություններ պետական պաշտոնյաների, նրանց թվում` էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարների հետ։
Հայաստան ժամանող պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ տարածաշրջանի արտահանող ընկերությունների ներկայացուցիչները։