Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Dubai Open 2022 մրցաշարում սեպտեմբերի 2-ին անցկացվել են 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանից հանդես եկող Արամ Հակոբյանը հաշտություն է կնքել գրոսմայստեր Ադհիջետ Գուպտայի, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ գրոսմայստեր Հարշա Բհարաթակոտիի հետ: Նրանք 6 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր եւ առայժմ բաժանում են 8-21-րդ տեղերը:
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը նույնպես կիսել է միավորը՝ ոչ-ոքի խաղալով իրանցի Ամին Տաբատաբեյի հետ: Նա 5 միավորով կիսում է 3-7-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են հնդիկ Արջուն Էրիգեյշին ու ռուսաստանցի Ալեքսանդր Պրեդկեն, որոնք վաստակել են 5,5-ական միավոր:
Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա մրցաշարի 7-րդ տուրը: Արամ Հակոբյանը սեւերով կհանդիպի իրանցի Ռեզա Մահդավիի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կխաղա հնդիկ Միտալ Ադիտյայի հետ: Վլադիմիր Հակոբյանը կմրցի հնդիկ գրոսմայստեր Պրագնանադհայի հետ:
Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 4-ին: