Ըստ թուրքական Diken գործակալության՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի տնտեսական հարցերով խորհրդական Քորքմազ Քարաջան հրաժարական է տվել՝ դա պատճառաբանելով առողջական վիճակով։ Հրաժարականի հայտարարությունից հետո Քարաջան ապաակտիվացրել է իր թվիթերյան հաշիվն ու դարձել անհասանելի։ Թուրքիայում, սակայն, Քարաջայի հրաժարականի «պաշտոնական» պատճառներին չեն հավատում, քանի որ նրա անունը շոշափվել է կոռուպցիոն սկանդալում։
Ով ում բարեկամն է
Թուրքիայի նախագահ Էրդողանի երբեմնի համախոհ, մաֆիայի պարագլուխ Սեդաթ Պեքերը Քորքմազ Քարաջայի անունը հիշատակվել էր անցյալ շաբաթավերջին Էրդողանի խորհրդական Սերքան Թարանօղլուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների մասին հայտարարության մեջ։ Թարանօղլուն ղեկավարել է Կապիտալի շուկայի վերահսկման կառավարական խորհուրդը։
Պեքերը հայտնել է, որ Սերքան Թարանօղլուն Marka Yatırım Holding ընկերության սեփականատեր Մինե Թոզլու Սիներենից 12 միլիոն լիրա է պահանջել՝ վերջինիս ընկերությունում ծագած խնդիրները կարգավորելու համար։ Պեքերի մեղադրանքները հերքել են Քարաջան եւ հայտարարությունում հիշատակված մյուս անձինք։ Պեքերը, սակայն, մեջբերել է Թարանօղլուի խոսքերը, ըստ որոնց նախագահի խորհրդական Քորքմազ Քարաջան եւս ուզում է կապ հաստատել նրա հետ՝ խնդիրը լուծելու համար, սակայն չարժե կապվել նրա հետ, որովհետեւ շատ փող է ուզում։ Սիներենը հեռուստահարցազրույցում հաստատել է Պեքերի խոսքերի իսկությունը, ինչից հետո Թարանօղլուն նրա դեմ դատական հայց է ներկայացրել։
Գաղտնի՝ ի լուր աշխարհի
Ի դեպ, Քարաջան սկանդալային պատմություններում առաջին անգամ չի հայտնվում։ 2021-ին Սեդաթ Պեքերը Քարաջային մեղադրել է մարդկանց վաճառքին առնչություն ունենալու համար։ Մասնավորապես Պեքերն ասել է, թե Քարաջան աղջիկներ է «մատակարարել» տարբեր քաղաքական գործիչների, ներառյալ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ղեկավար Դենիս Բայքալին, որի խորհրդականն էր մի ժամանակ։
Որ Թուրքիայում կոռուպցիան ծաղկում է, եւ քաղաքական շատ գործիչներ կապեր ունեն հանցաշխարհի ներկայացուցիչների հետ ու ներգրավված են ամենատարբեր կոռուպցիոն սկանդալներում, հայտնի է բոլորին։ Դրա մասին են վկայում նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները։ Մասնավորապես, ըստ Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների՝ Թուրքիան 2021-ին 180 երկրների շարքում 91-րդ հորիզոնականում է, մինչդեռ 2020-ին 86-րդ հորիզոնականում էր։
139 երկրների շարքում՝ 117-րդը
Ըստ տարբեր միջազգային կառույցների զեկույցների՝ կոռուպցիան Թուրքիայի պետական եւ մասնավոր հատվածներում ավելի ու ավելի լայն տարածում է ստացել Էրդողանի իշխանության մոտ երկու տասնամյակում։
ԱՄՆ-ում գործող «Արդարադատության համաշխարհային նախագիծ» միջազգային կազմակերպության հրապարակած օրենքի կամ իրավունքի գերակայության ինդեքսում 2021-ին աշխարհի 139 երկրների ցանկում Թուրքիան 117-րդ հորիզոնականում է։ Օրենքի կամ իրավունքի գերակայության ցանկը գլխավորում է Դանիան։
Ուշագրավ է, որ օրեր առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կոալիցիոն հիմնական գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բախչելին իր գրասենյակում հանդիսավորապես ընդունել էր մաֆիայի թուրք պարագլուխ տխրահռակ Ալաթթին Չաքիջիին։ Հանդիպման լուսանկարը լայնորեն տարածվել էր թուրքական մամուլում։
Ամերիկյան Bloomberg պարբերականը նախօրեին հայտնել է, որ կոռուպցիոն այս աղմուկի հետնապատկերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Սերքան Թարանօղլուին։
Պատրաստեց Արման Գրիգորյանը