Հայերն ունեն անպոչ գդալ, որն անընդհատ ընկնում է մեկ ապուրի, մեկ կոմպոտի մեջ. Մանանան ասել էր, թե ինչպես է այն կոչվում, բայց ես մոռացել եմ։
Երեխա ժամանակ մայրը կատակով նրան այդպես է անվանել:
Մանանային Երեւանում այդպես վրաերթի ենթարկեցին, երեւի փողոցն անցնելիս ինչ-որ բանի մասին էր մտածում։ Ես նույնիսկ կարող եմ կռահել, թե ինչ, բայց դրա մասին՝ ավելի ուշ. նախ՝ իր մասին:
Մանանա (ըստ անձնագրի՝ Մարիա) Ասլամազյանը ծնվել է Հայաստանում, հայրը թատրոնում ադմինիստրատոր էր, եւ նրանց բնակարանում հաճախ էին ապրում Մոսկվայից ժամանած հայտնի դերասաններ: Երբ Մանանան յոթանասնականներին տեղափոխվեց Մոսկվա՝ ամուսնու մոտ (սա առանձին պատմություն է, բաց կթողնենք), նա թատրոնում ադմինիստրատոր աշխատեց։
1986-ին կինոգործիչների միության հայտնի համագումարը ստեղծեց Հրապարակայնության (гласность) պաշտպանության հիմնադրամը, որի նախագահ Ալեքսեյ Սիմոնովը Մանանային առաջարկեց դառնալ հիմնադրամի գործադիր տնօրենը:
Մեկ տարի անց Մանանային հրապուրեց ամերիկացիների առաջարկը՝մեր հեռուստալրագրողների հետ ստեղծել ռուսական «Интерньюс»-ը, իսկ Սիմոնովին նվիրեցին Macintosh համակարգիչ, որն այն ժամանակ Ռուսաստանում գրեթե մեքենայի գին ուներ։
Հեռուստատեսությունը շատ թանկ հաճույք է, իսկ օտարերկրյա ֆոնդերի այն ժամանակվա խելահեղ գումարները, որոնք պետք է աջակցեին ռուսական լրագրությանը, կարելի էր վստահել միայն անբասիր, ազնիվ, մյուս կողմից՝ մարդկանց ղեկավարելու տաղանդ ու հմտություններ ունեցող մարդու։ Այս նախանձոտ, ընչաքաղց ու քծնողական միջավայրում պետք է լիներ մի մարդ, ով ինքը երբեք էկրան չէր բարձրանալու։ Այդպիսին էր Մանանան՝ ժպտադեմ, երբեք ձայնը չբարձրացնող։
«Интерньюс»-ով անցան բոլոր նրանք, որոնք աշխատում էին ոչ միայն կենտրոնական հեռուստատեսությունում, այլեւ մարզային ստուդիաներում, այդ թվում նաեւ նրանք, որոնք հետագայում վերածվեցին մոլի քարոզիչների։
«Новости — время местное» (Լուրեր տեղական ժամանակով) ցանցային հաղորդումը ուղիղ հեռարձակում էր մարդկանց մասին, ես բախտ ունեցա լինելու այդ մրցույթի ժյուրիի անդամ Վլադիմիր Պոզների, Սվետլանա Սորոկինայի, Աննա Կաչկաեւայի եւ Պավել Շերեմետի հետ. վերջինիս 2016 թվականին սպանեցին Կիեւում:
2002 թվականին Մանանան Էռնստի, Դոբրոդեեւի եւ եթերի այլ ապագա ղեկավարների հետ մասնակցեց Պուտինի՝ հեռուստալրագրողների հետ հանդիպմանը։ Այբբենական կարգով նա պետք է խոսեր հենց սկզբում, բայց Պուտինը գրեթե անմիջապես ընդհատեց նրան. «Ի՞նչ փողերի համար եք աշխատում։ Իսկ Դուք հասկանո՞ւմ եք, որ դարձել եք արեւմտյան քարոզչության գործիք… Ո՞վ, ո՞վ։ Խոդորկո՞վսկին։ Այնտեղ փողեր են լվանում, «откат» բառը գոնե գիտե՞ք՝ ինչ է…»։
2007-ի սկզբին Մանանան Ռուսաստանի սահմանին բերման ենթարկվեց չհայտարարագրված 10000 եվրոյի համար, քանի որ «կանաչ միջանցքով» թույլատրվում էր անցնել 10000 դոլարով։ Տարբերությունը չնչին էր, բայց շուտով նրա իսկ ուսանողները կենտրոնական հեռուստաալիքներով հայտնեցին նրա դեմ քրեական գործ հարուցելու մասին։
Փորձառու փաստաբանն ասաց. «Անհապաղ հեռացի՛ր»։ «Интерньюс»-ի բոլոր հաղորդումները խուզարկությունների եւ առգրավումների պատճառով կաթվածահար էին եղել, եւ Մանանան ստիպված էր որոշ ժամանակով արտագաղթել։
2008 թվականին Սահմանադրական դատարանը պարզաբանեց, որ «մաքսանենգությունը» ձեւակերպվել է միայն փոխարժեքի տարբերության չափով, եւ գործը կարճվեց։
Դա, ըստ էության, «օտարերկրյա գործակալների» դեմ ռեպրեսիաների փորձ էր, առաջին ծիծեռնակը, որը մենք այն ժամանակ դեռ չէինք հասկացել։ Մանանան կարողացավ վերադառնալ, բայց մարդկային հեռուստատեսություն այլեւս հնարավոր չէր վերականգնել։
Երբ Փարիզի սրճարաններից մեկում հանդիպեցի Մանանային, նրա քրեական գործի քննությունն էր ընթանում, նա ինձ պատմեց մի տեսիլքի մասին, որը ոչ թե հետապնդում էր իրեն, այլ, ընդհակառակը, օգնում էր ապրելու:
«Ես պարզ տեսնում եմ, որ հագել եմ լայն գույնզգույն կիսաշրջազգեստ եւ բնական վուշից վերնաշապիկ, հեծանիվ եմ քշում, իսկ բեռնախցիկում ունեմ հաց, պանիր ու գինի… Դա ինչ-որ տեղ Ֆրանսիայի հարավում էր՝ պարզապես մի գյուղում, տան շեմին կանգնած էր մի մարդ, եթե կուզես, հետո կպատմեմ նրա մասին, եւ նա ասում է. «Նորից գնել ես մեր կրպակի ամենաթանկ պանիրը…»:
Ես հարցրի Մանանային. «Չե՞ս վախենում, որ կիսաշրջազգեստը հեծանիվի անվաճաղին կկառչի»։ «Ո՛չ, նրանք գիտե՞ս՝ ինչ հեծանիվներ ունեն, համ էլ ես լավ եմ վարում…»:
Մնաս բարո՛վ, հրեշտա՛կ Մանանա, մենք քեզ այստեղ կկարոտենք։ Ամեն դեպքում զգո՛ւյշ եղիր անվաճաղերի հետ, իսկ բեռնախցիկում դու միշտ ունես ամենալավ հացը, պանիրն ու գինին։
31 օգոստոսի, 2022
Լեոնիդ Նիկիտինսկի, «Новая газета»-ի մեկնաբան, «Ложка без ручки»
Թարգմանեց Կարինե Դավոյանը