Ըստ The Armenian Mirror-Spectator-ի՝ Հայագիտության միությունը (Society for Armenian Studies- SAS) եւ Հայագիտության եւ հետազոտությունների ազգային ասոցիացիան (National Association for Armenian Studies and Research- NAASR) սեպտեմբերի 17-18-ը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում՝ NAASR-ի կենտրոնական մասնաշենքում, կանցկացնեն մեծ միջազգային համաժողով:
«Հաղորդակցության տեխնոլոգիաները եւ հայկական փորձառության պատմությունը դարերի ընթացքում» խորագրով գիտաժողովը նպատակ ունի զարգացնելու ոլորտին վերաբերող տարբեր թեմաներ եւ խթանելու միջառարկայական քննարկումներ պատմական տարբեր ժամանակաշրջաններում աշխատող հետազոտողների հետ:
Լրատվամիջոցը գրում է, որ հայերը միշտ օգտվել են տեղեկությունների փոխանցման եւ գիտելիք արտադրելու գերժամանակակից եղանակներից՝ Կիլիկյան դարաշրջանի հայկական ձեռագրերից մինչեւ 19-րդ դարի լրագրեր ու պատմությունների թվայնացված հետաքրքիր նոր արտահայտչաձեւեր: Հայերը, այդ տեղեկատվական միջոցներն օգտագործելով, դարձրել են իրենցը. հայկական պատկերագիտությունը եւ գրքարվեստը, հաղորդակից դարձնելով կայսերական հարեւաններին, զարգացրել են սեփական ուրույն ոճերը: Հայկական լրագրությունը դարձել է արդի հայոց մայրենի լեզվի զարգացման շարժիչ ուժը եւ հայոց պատմության խորությունն ընկալելու հնարավորություն, իսկ Թումո-ն՝ Հայաստանի Հանրապետության Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, դուրս է գալիս թվային արտահայտչաձեւի սահմաններից:
Կենտրոնանալով հաղորդակցության տեխնոլոգիաների վրա (ձեռագրեր, տպագիր, տեսալսողական եւ թվային լրատվամիջոցներ)՝ այս գիտաժողովը նպատակ ունի խթանելու միջառարկայական զրույցը պատմական ժամանակաշրջաններում աշխատող հետազոտողների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես են հաղորդակցական տեխնոլոգիաներն ազդել հայկական պատմողական ոճի եւ վարպետության վրա (օրինակ՝ պատմության ներկայացման եղանակները, պատմողական կառուցվածքը եւ մեկնողական սկզբունքները), եւ հակառակը, թե ինչպես են հայկական պատմողական հմտությունները ձեւավորել յուրաքանչյուր նոր տեխնոլոգիան:
Հայաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի եւ Ավստրալիայի գիտնականները համաժողովում հանդես կգան թեմայի շուրջ հետաքրքիր զեկույցներով: Համաժողովը կընդգրկի չորս թեմատիկ հանդիպումներ՝ «Պատմողական վարպետություն եւ ուժ», «Փոփոխություններին հարմարված շարժունակություն. սոցիալ-տնտեսական օրինաչափությունների փոփոխություն եւ հաղորդակցության տեխնոլոգիաներ», «Հաղորդակցության եւ ինքնության ստեղծման տեխնոլոգիաներ», «Կարո՞ղ են գավառները խոսել. օսմանահայերի վերաբերյալ պատմությունների եւ հեռանկարների հիմնական շարադրումը»:
Հայագիտության միության նախագահ, պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը նշել է, որ գիտաժողովի զեկույցների մեծ մասի հեղինակները երիտասարդ եւ առաջադեմ գիտնականներ են:
«Միջառարկայական եւ միջմշակութային հեռանկարները եւ հոդվածների թեմաների խորությունն ուղղակի հիասքանչ են»,- հավելել է նա: Տեր-Մաթոսյանն ընդգծել է, որ պատիվ է նոր վերանորոգված «Վարդան Գրիգորյան» շենքում առաջին համաժողովն անցկացնելու համար NAASR-ի հետ համագործակցելը:
Գիտնականը շնորհակալություն է հայտնել նախագծի ղեկավարներ Ծովինար Տերտերյանին եւ Քրիստաֆոր Շեքլեյանին: Տեր-Մաթոսյանը երախտագիտություն է հայտնել հայագիտական տարբեր ծրագրերին եւ ամբիոններին համաժողովի համահովանավորման համար:
NAASR-ի ակադեմիական գծով տնօրեն Մարկ Մամիկոնյանն էլ նշել է, թե NAASR-ը ոգեւորված է, որ հովանավորելու եւ հյուրընկալելու է կարեւոր համաժողովը: «Սա մեր նոր շենքում մեծ ակադեմիական իրադարձություն ունենալու առաջին հնարավորությունն է եւ ողջունելի առիթ է շարունակելու մեր համագործակցությունը SAS-ի եւ մյուս համահովանավորների հետ»,- շեշտել է գիտնականը:
Կազմակերպիչներ Տերտերյանն ու Շեքլեյանը, համաժողովին ներկայացվող զեկույցների բովանդակությամբ ոգեւորված, համոզմունք են հայտնել, որ ներառված հոդվածների թեմաների եւ պատմական դարաշրջանների բազմազանությունը յուրահատուկ եւ արդյունավետ քննարկումներ կապահովի: Կազմակերպիչները հուսով են, որ թեմատիկ հանդիպումները կստեղծեն ինտելեկտուալ կապեր՝ հայագիտության նոր եւ հետաքրքիր զարգացում ապահովելով:
Համաժողովի կազմակերպմանն աջակցում են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը, Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնը, Կալիֆոռնիայի պետական համալսարանը (Ֆրեզնո), ինչպես նաեւ Հայագիտության ծրագիրը (Իրվին), Գրիգոր եւ Կլարա Զոհրաբ տեղեկատվական կենտրոնը (Նյու Յորք) եւ Միչիգանի համալսարանի Հայագիտության կենտրոնը (Էն Արբոր):
Պատրաստեց Կարինե Դավոյանը