ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, ըստ որի հայկական կողմն իբր կրակել է Բերձորի եւ Քարվաճառի ուղղությամբ:
Առանց հստակեցնելու որեւէ ամսաթիվ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն սեպտեմբերի 2-ին եւս հերքել էր ադրբեջանական կողմի տարածած կեղծիքը, ըստ որի ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանական դիրքերի եւ տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
ՀՀ ՊՆ-ն հավելել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։