Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին անդամ 87-ամյա Ալբի Զաքսը Հայաստանում էր։ Սեպտեմբերի 3-ին Հրանտ Դինք հիմնարկի եւ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ մարդիկ հնարավորություն ունեցան հանդիպելու «Փափուկ վրեժի» տեսության հիմնադրի հետ։
Այս հոդվածում կարելի էր պատմել նրա կյանքի եւ անցած ճանապարհի, նրա նկատմամբ 1988 թվականին մահափորձի մասին, եւ թե ինչպես է հանգել «փափուկ վրեժի» գաղափարին, բայց համացանցում դրա մասին նյութերն անթիվ են։
Մոտ մեկուկես ժամ տեւած զրույցը ընդհանրացնելիս զտվում են ոչ թե ժամանակագրական փաստերը, դեպքերն ու դեմքերը, այլ մտքերն ու արտահայտությունները, որոնք այնքան դիպուկ են ասված մեր իրականության համար։ Գուցե ոչ մի նոր բան չհնչի, բայց լինելով Մանդելայի կողմից նշանակված դատավոր, ապրելով մեծ փորձություններով լի կյանք՝ Ալբի Զաքսը որպես պայքարի միջոց ու ապրելակերպ ընտրել է հենց «փափուկ վրեժը», ըստ որի՝ բռնության շղթան անվերջ շարունակելու փոխարեն պարզապես ապրում ես, արարում ու պայքարում հանուն նոր արժեքների ստեղծման, հարատեւ աճի ու զարգացման՝ դրանով իսկ վրեժ լուծելով «հակառակորդից»՝ լինի անձ, թե որեւէ արատավոր համակարգ։
Եթե հասնենք ժողովրդավարության, դա կլինի իմ փափուկ վրեժը․ Ալբի Զաքս
Իր նկատմամբ մահափորձի հեղինակի ինքնությունն իմանալուց հետո Զաքսն անգամ չի ջանացել արդարադատության առաջ կանգնեցնել նրան՝ հասկանալով, որ իրական արդարությունը ոչ թե զուտ մեկ անձի՝ օրենքի առաջ պատասխանատվություն կրելն է, այլ իրական ժողովրդավարության հասնելը, մարդակենտրոն սահմանադրություն ստեղծելը, պայքարը հանուն ազատության եւ իրավունքի գերակայության։
Կհարցնեք՝ իսկ ո՞ւր են այդ արտահայտությունները, որ այնքան անհրաժեշտ են մեզ առաջ գնալու համար։ Չչարանալ, կյանքն ու ողջ էներգիան վատնել ոչ թե անդադար ինչ-որ պահանջներ ներկայացնելու վրա, այլ փորձել աշխատանքով ու փոքրիկ պայքարներով նպաստել անձի ու հասարակության աճին, զարգացմանը, արժեքներ ստեղծելուն։
Գուցե այս հանդիպմանը ներկա շատերի համար իմ եզրահանգումները տարօրինակ թվան՝ ասելով, թե այս մարդն հենց այդ մտքերն ու հենց հայերի մասին չասաց։ Բայց ինձ համար շատ հստակ ձեւավորվեց մի միտք, որը դեռ երկար էր թափառում ուղեղումս, եւ պարզապես նյութականացավ․ աշխարհից, խոշոր տերություններից, անտեսանելի ուժերից անդադար ինչ-որ գթասրտություն ակնկալելու փոխարեն պետք է փորձենք ստեղծել արժեքներ, անցյալի հետ հաշտվել, այն վերարժեւորել ու քայլել առաջ ոչ թե անցյալի համար արդարություն մուրալով, այլ մարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն կռելով։
Այո՛, կթվա, թե շատ ռոմանտիկ մտքեր եմ շարադրել, բայց կարծում եմ, մեր մեծագույն բացթողումներից մեկը հենց մարդակենտրոն արժեհամակարգ չստեղծելն է։ Մի օր կանգնենք ու հարց տանք ինքներս մեզ՝ ի՞նչ արժեքների վրա է հիմնված մեր «բիբլիական ազգը», որո՞նք են հայ ընտանիքին, հայ ազգին, հայ հասարակությանը սնող ու իրապես առաջ մղող այդ գաղափարները։
Երեւի թե «փափուկ վրեժը» խիստ արդիական կարող էր լինել մեզ համար, առաջ շարժվելու համար՝ կենտրոնանալով ոչ թե մեղավորների, այլ ինքդ քո, քո հասարակության առողջության, իսկ հետո նաեւ ժողովրդավարության, ազատության, իրավունքի գերակայության հաստատման վրա։