ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2022-ի հունվարի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումներն աճել են շուրջ 155,7%–ով։
Ներկայացնելով 2022-ի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը՝ նա նշել է, որ աճը պայմանավորված է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։
Ըստ նախարարի՝ ՌԴ-ից հունիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրամական զուտ փոխանցումների աճը եղել է 391,2%։
2022-ի առաջին կիսամյակում ՀՀ բանկերում վարկերի ծավալները եւս աճել են` հունիսին ռեզիդենտներին տրամադրված վարկերի աճը եղել է 1,9%։
Վարկերի աճը, ֆինանսների նախարարության վերլուծությամբ, հիմնականում պայմանավորվել է հիփոթեքային վարկերի 30,9%, շինարարության` 9,2% եւ գյուղատնտեսության 6% աճով։
Առեւտրային բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդներն աճել են 10,3%-ով, որին նպաստել են ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ավանդների աճը՝ համապատասխանաբար 4,5% եւ 2,3%-ով։
2022-ի առաջին կիսամյակում, դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկմամբ պայմանավորված, նվազել է դոլարայնացման մակարդակը: Արտարժութային ավանդները եղել են 41,8%, վարկերը` 39%։