Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Ստարմուս» միջազգային վեցերորդ փառատոնը:
Բացման արարողությանը հետեւել է Սթիվեն Հոքինգի՝ «Գիտության օսկար» հռչակված մեդալի հանձնումը, որին արժանացել է Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս եւ լուսանկարիչ Բրայան Մեյը՝ գիտության հանրայնացման մեջ մեծ ավանդի համար:
«Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, Ֆրե՛դի»,- մրցանակը ստանալիս ասել է Բրայան Մեյը։ Նա խոստովանել է` այն, որ փառատոնի հիմնադիրն ինքն է դրա գլխավոր մրցանակը ստանում, մի փոքր շփոթեցնող է։ Բրայանը նշել է, որ այդ պարգեւն իրեն չի պատկանում, այլ նրանց, ովքեր հետեւում են իրենց կոչմանը:
STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով եւ նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Հատկանշական է, որ «Մարս 3-ը» տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի եւ աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011-ից եւ միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։
Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականի թղթակից Նունո Դոմինգեսը դեռ հունիսին անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաշխարհային Starmus փառատոնին։ «Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդ փառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, նոբելյան մրցանակակիրներին եւ ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։
Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, եւ կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել էր հեղինակը։
Նա հավելել էր, որ STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։