ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ 2022-ի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը եղել է 4,5 տրիլիոն դրամ (9,9 միլիոն ԱՄՆ դոլար): Դրանից 2,6 տրիլիոնն արտաքին պարտքն է, 1,4–ը` ներքինը:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Խաչատրյանը հայտնել է նաեւ, որ 2021-ի տարեվերջի համեմատ ՀՀ պետական պարտքի ցուցանիշները փոփոխվել են անհամաչափորեն` դրամով նվազել 8,5%-ով, դոլարով աճել 7,7%-ով:
«Դա պայմանավորված է եղել 2021-ի վերջի եւ 2022-ի հունիսի վերջի դրությամբ ձեւավորված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15%-ով՝ 480,14-ից նվազելով մինչեւ 408,31»,– մեկնաբանել է ֆինանսների նախարարը:
Արդյունքում 2022-ի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ նվազել է 539,8 միլիարդ դրամով, իսկ ներքին պետական պարտքն աճել է 165,5 միլիարդ դրամով։
«Եթե հիշում եք, 2022-ի պետական բյուջեն քննարկելիս ասում էինք, որ հարաբերակցությունը պետք է լինի 30/70։ Բայց քանի որ այն ժամանակ մեր արտաքին պարտքը, լինելով 70%, փոխարժեքի փոփոխության հետեւանքով հիմա դրամային արտահայտությամբ 20%-ով ավելի պակաս է, քան մեր սկզբնական քննարկումների ժամանակ, ապա այս պահի դրությամբ պարտքի կառուցվածքը դրամով արտահայտված մոտավորապես 65/35 է»,– նշել է Խաչատրյանը։
Կառավարության պարտքը 2022-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 3,8 տրիլիոն դրամ (9,389.9 միլիարդ ԱՄՆ դոլար), որից արտաքին պարտքը 2,4 տրիլիոն դրամ է, ներքին պարտքը՝ 1,4 տրիլիոն: