The New Times պարբերականի խմբագիր Եվգենյա Ալբացը լքել է Ռուսաստանը եւ տեղափոխվել Նյու Յորք, որի համալսարաններից մեկում դասախոսի աշխատանք է ստացել։
Ալբացը մտավախություն է ունեցել, որ եթե շարունակի մնալ Ռուսաստանում, իրեն կարող են ձերբակալել։ Իր մտավախությունների մասին նա պատմել է իր յութուբյան ալիքում հրապարակած տեսանյութում։ «Ես չորս վարչական ակտ ունեի, ինձ հայտարարել էին «օտարերկրյա գործակալ», եւ արդեն հասկանալի է, որ երեք կամ չորս շաբաթ անց ձերբակալելու են»,- հայտարարել է Ալբացը:
The New Times պարբերականն ընդգրկված է «օտարերկրյա գործակալ» համարվող զանգվածային լրատվամիջոցների ռուսական պետական ռեեստրում։ Այս տարվա մայիսին Եվգենյա Ալբացի եւ նրան պատկանող «Նովիե Վրեմենա» ՍՊԸ-ի նկատմամբ չորս վարչական իրավախախտման ակտ էր կազմվել «Ռուսաստանի զինված ուժերի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու» մեղադրանքով։
Ալբացը հայտարարել էր, որ մտադիր է գանգատարկել «Ռոսկոմնադզոր»-ի որոշումը։ Այս տարվա հուլիսին, սակայն, Մոսկվայի Սոմոնովյան դատարանը, ընկերությանը մեղավոր ճանաչելով «ոչ հավաստի տեղեկություններ տարածելու» համար, վերջինիս տուգանել էր 670 հազար ռուբլով։ Հուլիսին էլ Ալբացին ու նրա պարբերականը ներառել են «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցների ռուսական պետական ռեեստրում։
The New Times հասարակական-քաղաքական շաբաթական հանդեսը ՌԴ-ում լույս է տեսել 1943-2017 թվականներին եւ ներկայում հրապարակվում էր առցանց ձեւաչափով: 2018-ի հոկտեմբերին The New Times պարբերականը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցների պատմության մեջ ամենախոշոր՝ 22 միլիոն 250 հազար ռուբլու տուգանքի էր ենթարկվել: Տուգանքը վճարելու համար պարբերականը ստիպված է եղել դիմել քրաութֆանդինգի (դրամահավաքության) եւ չորս օրում՝ 2018-ի նոյեմբերի 9-13-ը, հավաքել է տուգանքը վճարելու համար անհրաժեշտ ամբողջ գումարը:
2022-ի փետրվարի 28-ին էլ «Ռոսկոմնադզոր»-ը հայտնի պատճառներով ՌԴ գլխավոր դատախազության պահանջով ՌԴ-ում արգելափակել է The New Times-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Արման Գրիգորյանը